Սիրիական կառավարական ուժերը ռազմական տեխնիկան Քաստելլո Ռոադից հեռացնելուց հետո, կրկին վերադարձել են նախնական դիրքեր: Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ՌԴ զինված ուժերի ԳՇ գլխավոր օպերատիվ կառավարման կենտրոնի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Հալեպի շրջանում ապառազմականացված գոտի ստեղծելու և Հալեպ հումանիտար օգնություն հասցնելու համար սիրիական կառավարական ուժերը դադարեցրել էին կրակը և սկսել էին զորքի, տանկերի, ՀՄՄ-ների, հրետանու հեռացումը Հալեպից: Սակայն ահաբեկիչները Քաստելլոյի ճանապարհին հարձակվել են կառավարական ուժերի վրա: Հրաձգության արդյունքում վիրավորվել է 2 զինծառայող: Ահաբեկիչները կրակ են բացել նաև Հալեպի բնակելի թաղամասերի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է 19, զոհվել ` 4 մարդ:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:
Կառավարական զորքերի հեռանալու հետ կապված Պենտագոնի մամլո քարտուղար Պիտեր Կուկը հայտնել էր, որ դեռ փաստեր չկան ասելու` հեռացել են կառավարական զորքերը, թե ոչ:
Ավելի վաղ Պոզնիխիրը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմատիեզերական և Սիրիայի ռազմաօդային ուժերը դադարեցրել են ավիահարվածներ հասցնել սիրիական այն շրջաններին, որտեղ կարող են լինել ընդդիմադիրների ջոկատներ:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ամփոփելով հրադադարի 3-րդ օրվա արդյունքները, հայտնել էր, որ միայն սիրիական կառավարական ուժերն են պահպանում հրադադարի ռեժիմը, այն ժամանակ երբ «չափավոր ընդդիմադիրները» հարձակվում են բնակելի թաղամասերի վրա: Ըստ Կոնաշենկովի` ԱՄՆ չի կատարում համաձայնգրով նախատեսված պարտավորությունների իր մասը:
Իսկ ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Տոների` հրադադարի ռեժիմը խախտում են երկու կողմն էլ:
Սիրիայում հրադադար հաստատվել է սեպտեմբերի 12-ից` Ռուսաստանի և ԱՄՆ միջև ձեռք բերված համաձայնությամբ:
Ըստ համաձայնության` կառավարական և ընդդիմադիր ուժերը պետք է դադարեցնեն կրակը և սպառազինությունը դուրս բերեն Հալեպից:
Նրանք չպետք է փորձեն ընդարձակել իրենց տիրույթները և պետք է թույլ տան, որ մարդասիրական օգնությունը անարգել տեղ հասնի:
48 ժամ հրադադարի ռեժիմը պահպանելուց հետո, սեպտեմբերի 14-ին այն երկարաձգվեց ևս 48 ժամով: Իսկ 7 օր հրադադարի ռեժիմը պահպանելուց հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է ստեղծեն համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջատի չափավոր ընդդիմադիրներին ահաբեկիչներից: Դրանից հետո արդեն ՌԴ և ԱՄՆ օդային ուժերը ավիահարվածներ են հասցնելու ահաբեկչական խմբավորումներին: