Սեպտեմբերի 12-ից Սիրիայում հաստատվել է ԱՄՆ և Ռուսաստանի համաձայնությամբ կնքված հրադադարը: Չնայած հրադադարի հաստատմանը ` զինված խմբերը որոշ վայրերում խախտել են այն: Միայն Հոմս նահանգի հյուսիսում հրադադարը խախտվել է 7 անգամ: Այս մասին հայտնում է սիրիական «Սանա» լրատվական գործակալությունը:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:
Հրադադարի հաստատման առաջնային նպատակներից մեկը բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելն է: Սակայն, ինչպես հայտնի էր դարձել նախօրեին սիրիական կառավարությունը մերժել էր Հալեպին հասցվող հումանիտար օգնությունը ` պահանջելով այն կոորդինացնել սիրիական կառավարության կամ ՄԱԿ-ի հետ:
Սիրիայում հրադադար հաստատելու մասին համաձայնությունը Ռուսաստանը և ԱՄՆ-ն ձեռք են բերել սեպտեմբերի 10-ին: Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը որոշ մանրամասներ է հաղորդում համաձայնագրից:
Ըստ համաձայնագրի` կառավարական ուժերը և ընդդիմադիրները պետք է դադարեցեն կրակը և չօգտագործեն որևէ զինամթերք, ներառյալ հրթիռներ, ականանետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ:
Կողմերը չպետք է փորձեն ընդարձակել իրենց տիրույթները, նրանք պետք է թույլ տան , որ մարդասիրական օգնությունը անարգել տեղ հասնի: Ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում պետք է համաչափ ուժ օգտագործել:
Հալեպի մոտ՝ Քաստելլո Ռոադում, ստեղծվելու է 2 անցակետ, որոնք վերահսկելու է սիրիական Կարմիր մահիկը, ոչ ավել , քան 20 հոգանոց զինված անձնակազմով:
Կառավարական զորքերը պետք է հեռու լինեն Քաստելլո Ռոադից: Որոշ վայրերում տանկերը և հրետանին պետք է հետ քաշվեն մինչև 3,5 կմ: Իսկ թեթև սպառազինությամբ զինվորները պետք է հետ քաշվեն մինչև 400-500մ:
Ընդդիմադիր ուժերը ևս պետք է հետ քաշվեն: Քաստելլո Ռոադից արևելք նրանց հետ քաշվելը կախված է լինելու քրդերի գործողություններից, եթե քրդերը հետ քաշվեն 450 մետր, ապա ընդդիմադիրները պետք է վարվեն նույն կերպ:
Ընդդիմությունը պետք է ամեն ջանք գործադրի Ալ-Քաիդայի հետ կապված զինյալներին ապառազմականացված տարածքից դուրս մղելու համար:
7 օր հրադադարի ռեժիմ պահպանելուց հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստեղծելու են համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջատի չափավոր ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից: Դրանից հետո ՌԴ և ԱՄՆ օդային ուժերը սկսելու են ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումներին:
Pingback: Հրաձգությունից հետո սիրիական կառավարական զորքերը վերադարձել են նախկին դիրքեր | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info