ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2016» զորավարժությանը մասնակցելու է ավելի քան 6000 զինծառայող

Օգոստոսի 13-ին Ռուսաստանի Պսկովի և Լենինգրադյան շրջանների 3 հատուկ մասնագիտացված զորավարժարաններում կմեկնարկի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են 6000 զինծառայող և 1000 տեխնիկա:  Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

Զորավարժությանը ներգրավված են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի Զու ստորաբաժանումներ: ՌԴ ԶՈւ կազմից վարժանքներին մասնակցելու են Արևմտյան ռազմական շրջանի, օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները, զորամասերը: Վարժանքները կավարտվեն օգոստոսի 19-ին:

Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվելու է երկու փուլով, որոնց ընթացքում ստուգվելու են տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքում հակամարտության սրման դեպքում:

Ներգրավված ստորաբաժանումները պետք է փորձեն համալիր կրակային ազդեցության միջոցով արգելափակել պայմանական հակառակորդի գործողությունները: Վարժանքների բոլոր փուլերով օգտագործվելու են ռազմական ավիացիան, հրթիռահրետանային զորքերը:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2015-ին զորավարժությունն անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

Նշենք, որ 2016-ի հոկտեմբերին Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ կենտրոնասիական պետությունները անցկացնելու են «Ռուբեժ-2016» զորավարժությունը, որին Հայաստանը չի մասնակցելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *