Այսօր՝ օգոստոսի 8-ին, Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ իրեն ծանոթ բոլոր զորամասերում սննդի և համազգեստի հետ կապված խնդիրներ կան: Այս մասին հայտնում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը:
Նախարարի հայտարարությանն ի պատասխան Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ սննդի և համազգեստի հետ կապված որոշակի խնդիրներ իրոք առկա են վրաստանյան զինուժում:
Կապանաձեն նշել է, որ պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին ամբողջությամբ տիրապետում էր բանակում տիրող իրավիճակին: Կապանաձեն ընդգծել է, որ խնդիրների լուծման համար համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:
Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը նաև մեկնաբանել է լրագրողների հարցերը՝ կապված իր հնարավոր հրաժարականի հետ: Նա մասնավորապես նշել է, որ գլխավոր շտաբի պետի պաշտոնավարության ժամկետը հստակեցնող որևէ օրենք չկա, կա միայն պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հրամանագիրն այն մասին, որ ԶՈւ ԳՇ պետը նշանակվում է 3 տարի ժամկետով: Սակայն դա օրենքի ուժ չունի, իսկ ինքը պատրաստ է հրաժարականի դիմում ներկայացնել, եթե պաշտպանության ներկայիս նախարարը կարծում է, որ նա այլևս չպետք է զբաղեցնի այդ պաշտոնը:
Նշենք, որ Կապանաձեն Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից, և այս տարի նրա պաշտոնավարության ժամկետը սպառվում է: Սակայն նրա պաշտոնավարության ժամկետը կարող է երկարացվել ևս 3 տարով:
Նշենք, որ 2015-ին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին հայտարարում էր, որ բանակում սննդի և համազգեստի հետ կապված խնդիրներ կան, սակայն դրանք 2016-ին արդեն լուծված կլինեն:
Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info