Հուլիսի 12-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերի 6 միավոր Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Սիրիայում՝ Պալմիրայի արևելյան շրջաններում, տեղակայված օբյեկտներին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Հարվածների արդյունքում ոչնչացվել է զինյալների մեկ ճամբար, զինամթերքի 3 պահեստ, ինչպես նաև 3 տանկ, 4 զրահապատ մեքենա, ավտոմեքենաներ և «մեծ թվով անձնակազմ»:
Ռուսաստանի զինված ուժերի այս հարվածները կարող են կապված լինել դրանից օրեր առաջ Սիրիայում ՌԴ ԶՈւ ուղղաթիռի խոցման հետ: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները խոցել էին Ռուսաստանի զինված ուժերի սիրիական խմբավորման Մի-25 ուղղաթիռ: Լրատվամիջոցներից մեկի տեղեկության համաձայն՝ նույն օրը Ռուսաստանի զինվորականները քննարկել են ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը խստացնելու քայլեր:
Ավելացնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով Ռուսաստանը Սիրիայում կռվող ահաբեկչական կազմակերպությունների դիրքերին սկսեց հարվածներ հասցնել 2015-ի սեպտեմբերից: Հետաքրքիր է, որ այս ընթացքում Ռուսաստանը կիրառեց իր սպառազինության մեջ գտնվող զինատեսակների մի մեծ տեսականի, այդ թվում հեռահար հրթիռներ և ավիացիա, ինչը նաև այդ զինատեսակների համար գովազդ եղավ: Արդեն 2016 թվականի մարտի 15-ից ՌԴ ՊՆ-ն իր ուժերի հիմնական մասը հանեց Սիրիայից՝ նշելով, որ դրանք «իրենց խնդիրը կատարել են»:
Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ն և Ռուսաստանը փորձում են ճնշում գործադրել Սիրիայում կռվող ուժերի վրա և հաստատել հրադադար՝ խաղաղության բանակցությունների համար: Սակայն հրադադարը չի տարածվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա: Այս կազմակերպությունների դեմ պայքարը շարունակվում է:
Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան
Pingback: Սիրիայում ռուսաստանյան ռմբակոծիչները հարվածել են ԻՊ-ի օբյեկտներին | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչները կրկին հարվածներ են հասցնում Սիրիայում | Ռազմ.info
Pingback: Իրանի լիազորությամբ Ռուսաստանը կարող է թռիչքներ իրականացնել Իրանի օդային տարածքով | Ռազմ.info