Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչները կրկին հարվածներ են հասցնում Սիրիայում

Հունվարի 23-ին Ռուսաստանի ԶՈւ 6 Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավ-արևելյան Դեր Զոր բնակավայրի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

ՌԴ ԶՈւ Տու-23Մ3 ռազմավարական ռմբակոծիչ

ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչ

Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչները օդ բարձրանալով Ռուսաստանի տարածքից, թռիչք են իրականացրել Իրանի և Իրաքի տարածքով, այնուհետև հարվածել են Դեր Զորում ԻՊ դիրքերին՝ մասնավորապես կրակակետերին և զենք ու զինամթերքի պահեստներին: Ըստ աղբյուրի՝ նախապես որոշված բոլոր թիրախները ոչնչացվել են:

Ռուսաստանյան ռմբակոծիչների պաշտպանությունը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից իրականացրել են ռազմաբազայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերի Սու-30ՍՄ Սու-35Ս կործանիչները: Բոլոր ինքնաթիռները մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել են տեղակայման վայր:

Ռուսաստանյան Տու-22Մ3 ինքնաթիռները իսլամականների դիրքերին նմանատիպ հարվածներ հացրել են նաև հունվարի 21-ին:

Հիշեցնենք, որ նախկինում ևս Ռուսաստանը կիրառել է հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ՝ Սիրիայում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար: Սկզբնական շրջանում դրանք Ռուսաստանից Իրանի և Իրաքի տարածքով թռչում էին Սիրիա, հարվածներ հասցնում ու վերադառնում:

Հետագայում՝ 2016-ի օգոստոսին, Իրանի ղեկավարության համաձայնությամբ Ռուսաստանի նույն ռմբակոծիչները մի քանի անգամ թռիչքներ իրականացրին Իրանի Համադանի ավիաբազայից:

Ավիաբազայի օգտագործման մասին առաջինը հայտարարեց ռուսաստանյան կողմը՝ ներկայացնելով, թե Ռուսաստանն ինքնաթիռներ է տեղակայել Իրանում։ Սա հարուցեց իրանական կողմի զայրույթը, Թեհրանը հայտարարեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ հրապարակելով Համադանի ավիաբազայից ՌԴ ԶՈւ ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունները։ Ավելին, իրանական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե ինքնաթիռներ է տեղակայել Իրանի ավիաբազայում, այլ ուղղակի թռիչքներ է կատարել այնտեղից։

Արդյունքում իրանական ավիաբազայից Ռուսաստանի օդուժի թռիչքները դադարեցվեցին։ Սակայն անհայտ է՝ հետագայում գաղտնի թռիչքներ եղան, թե ոչ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում Դեր Զորում Սիրիայի կառավարական ուժերի և ԻՊ զինյալների միջև: Հունվարի 16-ին ԻՊ զինյալները պաշարել են Դեր Զոր քաղաքի մոտ տեղակայված կառավարական ուժերի ավիաբազան։ Արդյունքում կտրվել է ավիաբազայի և կառավարական ուժերի ցամաքային կապը:

Ներկայում Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ «Իսլամական պետության» վերահսկողության տակ են: Այդ հատվածում կառավարական ուժերը վերահսկում են միայն նահանգի վարչական կենտրոնը և ավիաբազան:

Նշենք, որ Սիրիայում մարտերի շարունակման զուգահեռ հունվարի 23-ին Ղազախստանում մեկնարկել են Սիրիայի ճգնաժամի հարցով պաշտոնական Դամասկոսի և Սիրիայում կռվող տարբեր զինյալ խմբավորումների միջև բանակցությունները:

3 responses to “Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչները կրկին հարվածներ են հասցնում Սիրիայում

  1. Pingback: Ռուսաստանը հայտնում է Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ գործողությունների մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանի օդուժը շարունակում է հարվածել Սիրիայում ԻՊ դիրքերին | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *