Սիրիայում խոցել են Ռուսաստանի օդուժի ուղղաթիռ (տեսանյութ)

Հուլիսի 8-ին Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները խոցել են Ռուսաստանի զինված ուժերի սիրիական խմբավորման Մի-25 ուղղաթիռ (Մի-24-ի տարբերակ): Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան Russia Today լրատվակայքը:

Հուլիսի 9-ին Սիրիայում ռուսաստանյան զորքերի ներկայացուցիչը հերքել էր ուղղաթիռի խոցման լուրը, սակայն նույն օրն ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ուղղաթիռն իրոք խոցվել է, և նրա երկու օդաչուները զոհվել են:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հուլիսի 8-ին Պալմիրայի արևելքում ԻՊ զինյալների մեծ խումբը գրոհել է սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ և ճեղքել է պաշտպանության բնագիծը:

Վտանգ է եղել, որ ահաբեկչական խմբավորման անդամները կարող են գրավել իշխող բարձունքներ, իսկ սիրիական բանակն այդ հատվածում ռեզերվային ստորաբաժանումներ չի ունեցել, և սիրիական կողմը խնդրել է ռուսաստանցի օդաչուների օգնությունը:

Ուղղաթիռի խոցման տեսագրության մեջ երևում է, որ օդում եղել է առնվազն երկու ուղղաթիռ: Դրանք գրոհել են զինյալների ուղղությամբ: Ըստ ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալության՝ ԻՊ անդամներն այդ ժամանակ ուղղաթիռներից մեկի ուղղությամբ արձակել են TOW կառավարվող հրթիռ, որը կպել է ուղղաթիռի պոչին: Սրա հետևանքով ուղղաթիռիը կորցրել է կառավարումը և ընկել է սիրիական ուժերի վերահսկած տարածքում:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվակայքի տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը ուղղաթիռի խոցման պատասխան քայլեր է ձեռնարկելու, որոնցից քննարկվում են մասնավորապես ԻՊ դեմ գործողությունների ընդլայնումը, լրացուցիչ ուժերի ներգրավումը:

Սիրիայում սա Ռուսաստանի զինված ուժերի արդեն 3-րդ ուղղաթիռի կորուստն է գործողությունների ամբողջ ընթացքում: Այսպես, առաջին ուղղաթիռը Ռուսաստանը կորցրեց 2015-ի նոյեմբերին, երբ Թուրքիայի ԶՈւ կործանիչը խոցեց ՌԴ ԶՈւ Սու-24 ռմբակոծիչը: Ռուսաստանցի օդաչուներին օգնության մեկնած Մի-17 ուղղաթիռը խոցեցին տեղացի զինյալները:

Ռուսաստանի զինված ուժերի մեկ այլ՝ Մի-28Ն ուղղաթիռ էլ Սիրիայում ընկել է ապրիլին: Վարկածներից մեկի համաձայն՝ գիշերային ցածր թռիչքի ժամանակ այն սխալմամբ խիստ մոտեցել և հարվածել է գետնին:

2 responses to “Սիրիայում խոցել են Ռուսաստանի օդուժի ուղղաթիռ (տեսանյութ)

  1. Pingback: Սիրիայում ԻՊ դիրքերին հարվածելու համար Ռուսաստանը կրկին կիրառել է հեռահար ռմբակոծիչներ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան և Ռուսաստանը վերսկսում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Կոժին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *