ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Երևանում ընդունել են ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր հունվարի 27-29: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, այդ թվում կազմակերպության կոալիցիոն ուժերի և միջոցների ղեկավարման, միացյալ շտաբի գործունեության ու զինված ուժերի ներկայացուցիչների ինստիտուտի կատարելագործման, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ու գործառույթների կազմակերպման և համապատասխան ազգային կենտրոնների հետ դրա համագործակցության, ՀԱՊԿ անդամ պետությունների բուհերում զինվորական կադրերի և մասնագետների պատրաստման հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ տարում ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կոմիտեի և ռազմական կոմիտեի նիստերի նախապատրաստմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև մի շարք միջոցառումների իրականացմանը (այդ թվում օպերատիվ և մարտական պատրաստության), որոնք ուղղված են վերոնշյալ հարցերի և 2016թ. ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գերակա ուղղությունների կատարմանը:

Ավելացնենք, որ Հայաստանը հատկապես նախաձեռնություն է ցուցաբերում հենց ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի պատրաստման հարցերում, ինչի մասին հարցազրույցներից մեկի ընթացքում նշել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Սա հստակ երևում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի՝ որպես կազմակերպության նախագահող երկրի առաջարկած առաջնահերթություններում: 2015թ․ օգոստոսին՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում (կազմակերպության գերագույն մարմինը՝ անդամ պետությունների նախագահների խորհուրդը) ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին պլան են մղվելու արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը, դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը: Սերժ Սարգսյանն առաջարկել է նաև որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը:

Ավելացնենք, որ այս օրերին՝ հունվարի 26-28-ը, Հայաստանում էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի և ոստիկանապետի հետ, մասնակցել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացմանը, որի ժամանակ համասլարանի ստեղծման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *