Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016

ՊԲ-ն կանխել է թշնամու դիվերսիան • Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուր է տարածել, թե նոր բարձունք է գրավել Հայաստանի հետ սահմանին • Ասուլիսի ընթացքում պաշտպանության նախարարն անդրադարձել է 2015թ․ ձեռքբերումներին, սպառազինության գնումներին և թուրք-քրդական բախումներին Հայաստանի պատրաստությանը • Հայաստանում ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և միացյալ շատի պետին • Բացվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը • Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է բազմաթիվ զինծառայողների • ՊԲ-ում անցկացվել են պահեստազորի դիպուկահարների և հրետանավոր սպաների հավաքներ • ՀՀ ԶՈւ խաղաղապահների խումբը մեկնել է Գերմանիա՝ Աֆղանստանի առաքելությանը պատրաստվելու • Պաշտպանության նախարարն այցելել է 2015թ․ լավագույնը ճանաչված զորամաս • ԵԱՀԿ դիտարկում Տավուշում • Հայաստանի ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են բոլոր ստորաբաժանումների վարժանքները

Նախագահ Սարգսյանը շարքային կազմի պարգևատրված զինծառայողներից մեկի հետ

Նախագահ Սարգսյանը շարքային կազմի պարգևատրված զինծառայողներից մեկի հետ

• Հունվարի լույս 26-ի գիշերը հակառակորդը ՊԲ հարավային ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել: ՊԲ ստորաբաժանումները նկատել են հակառակորդի առաջխաղացումը և ստիպել նրան նահանջել ելման դիրքերը: Փոխհրաձգության ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

• Հունվարի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իրենց զինված ուժերը վերահսկողության տակ են առել Հայաստանի հետ սահմանին ընկած Օդունդաղ բարձունքը (Տավուշի ուղղությամբ)։ Սակայն իրականում բարձունքը Արցախյան պատերազմի ժամանակվանից ադրբեջանցիների տիրապետության տակ է, հետևաբար «սահմանին նոր բարձունք գրավելու» մասին հայտարարությունն ուղղակի մոլորեցնող ապատեղեկատվություն է։

• Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասուլիսի ժամանակ ամփոփել է 2015թ․ աշխատանքները և նշել, որ 2015-ը ձեռքբերումների տարի է եղել։ Հայաստանը համագործակցել է թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ և թե՛ առանձին երկրների հետ՝ երկկողմ և բազմակողմ հիմունքներով։ Պատասխանելով Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով սպառազինություն գնելու հարցին` Սեյրան Օհանյանը հայտնել է, որ ռազմատեխնիկական համագործակցության պլանով նախատեսված՝ իրականացվում է Ռուսաստանի հետ հեռահար և ճշգրիտ սպառազինության ձեռքբերման ուղղությամբ համագործակցությունը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է մարտական ավիացիա գնել առաջիկայում, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ հայկական կողմը, Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, համաչափ տեղ է տալիս բոլոր զորատեսակների զարգացմանը և նոր միջոցների ձեռքբերմանը:

«ԱրձաՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչների քառյակը՝ «Արձագանք-2013» զորավարժությանըագանք-2013» զորավարժության Սու-25 գրոհիչների քառյակը

ՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչների քառյակը՝ «Արձագանք-2013» զորավարժությանը

Ռազմինֆոյի մեկ այլ հարցի պատասխանելով` Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև Թուրքիայում քրդերի հետ բախումներին և դրանցից եկող վտանգին հայկական կողմի պատրաստությանը: Պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում հայկական կողմը, անվտանգության միջավայրից ելնելով, գնահատել է եղած բոլոր սպառնալիքները և հաշվի է առել նաև այն իրադարձությունները, որ կատարվում են հարևան պետության ներսում, հայկական սահմանի մոտ: Գործողությունների մեջ մտնում են սահմանային ծառայության խստացումը, համագործակցությունը ԶՈւ ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի միջև, ինչպես նաև ճշգրտումները կառույցների կիրառման խնդիրներում:

• Հունվարի 28-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որ եռօրյա այցով Երևանում էր, հանդիպել է ՀՀ նախագահին, ԱԳ նախարարին և ոստիկանության պետին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են կազմակերպության՝ Հայաստանի առաջարկած առաջնահերթություններն ու դրանց իրագործման ծրագիրը։

• Հունվարի 29-ին էլ ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, ում հետ ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր։

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը

• Հունվարի 28-ին Երևանում բացվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որի նպատակներն են պաշտպանական-անվտանգային ոլորտում ուսումնասիրությունների իրականացումը և կադրերի պատրաստումը։

• Հունվարի 27-ին, Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի խումբ զինծառայողների պարգևատրել է պետական պարգևներով, արժանացրել զինվորական բարձր կոչումների:

• Նախորդ շաբաթվա ընթացքում Պաշտպանության բանակում շարքային կազմի դիպուկահարների վերապատրաստման հավաքներ են կազմակերպվել պահեստազորայինների հետ: Հավաքների ընթացքում պահեստազորայիններին ծանոթացրել են նոր զենքերին ու մարտավարությանը:

ՊԲ հավաք-պարապմունքներին մասնակցող պահեստազորային դիպուկահարները

ՊԲ հավաք-պարապմունքներին մասնակցող պահեստազորային դիպուկահարները

• Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակում հրամանատարական հավաքներ են անցկացվել նաև միավորումների, զորամասերի և առանձին գումարտակների հրետանու պատասխանատու սպաների ներգրավմամբ: Պարապմունքների ժամանակ հստակեցվել են գալիք ուսումնական տարվա առաջնային խնդիրները։

• Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայաստանցի խաղաղապահները տեղափոխվելու են Աֆղանստան՝ խաղաղարար առաքելության։

• Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում, Բանակի օրվա առթիվ բարեխիղճ ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգևատրել մի խումբ զինծառայողների:

2015թ․ արդյունքներով ՀՀ ԶՈւ լավագույն ստորաբաժանումներից մեկը ճանաչված զորամասի հանդիսավոր երթը

2015թ․ արդյունքներով ՀՀ ԶՈւ լավագույն ստորաբաժանումներից մեկը ճանաչված զորամասի հանդիսավոր երթը

• Հունվարի 26-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկում են անցկացրել ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, կրակոցներ չեն արձանագրվել։

• Շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, մեկնարկել են մարտական պատրաստության պարապմունքները: Վարժանքներին ներգրավված են ռազմաբազայի կազմի մեջ մտնող Գյումրիի և Երևանի բոլոր ստորաբաժանումները: Դրանից բացի, ռազմաբազայի կապավորները մարզումներ են սկսել ԱԹՍ-ների կիրառմամբ։ Ռազմաբազայի նռնականետային ու ականանետային հաշվարկներն էլ սկսել են պատրաստվել «Հրետանային կրակի վարպետներ» միջազգային մրցույթին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *