ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ նախագահին, ԱԳ նախարարին և ոստիկանության պետին

Հունվարի 27-ին ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախագահ Սարգսյանի հետ քննարկել է Կազմակերպության առջև ծառացած արդիական հարցեր, ինչպես նաև նրա հաստատմանը ներկայացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների ու Կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի առաջարկած առաջնայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

2015թ․ սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանը, ըստ այդմ հենց Հայաստանն է առաջարկում կազմակերպության գործունեության առաջնահերթությունները։

Մինչ նախագահի հետ հանդիպումը՝ հունվարի 26-ին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, գոհունակությամբ նշել ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են նաև կազմակերպության օրակարգային հարցերը, անդրադարձել Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։

Հունվարի 27-ին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել է նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան ներկայացրել է փոխգործակցության հետագա խորացմանն ուղղված իր դիտարկումները և առաջարկները:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եռօրյա այցով Հայաստան է ժամանել հունվարի 26-ին։ Այստեղ բացի եղած հանդիպումներից, այսօր՝ հունվարի 28-ին, Նիկոլայ Բորդյուժան մասնակցելու է ՀՀ ԶՈւ կազմավորման օրվա հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի  հիման վրա ստեղծված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացմանը։

Ներկայում կազմակերպությունը նախագահում է Հայաստանը, որն էլ այս տարվա համար նշել է կազմակերպության զարգացման առաջնահերթությունները, մասնավորապես՝ ռազմական բաղադրիչի զարգացումը: 2015թ․ օգոստոսին՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում (կազմակերպության գերագույն մարմինը՝ անդամ պետությունների նախագահների խորհուրդը) ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին պլան են մղվելու արագ արձագանքման հավաքական ուժերի և միավորված տարածաշրջանային ուժերի հետագա կատարելագործումը, դրանց կիրառման հետ կապված որոշումների կայացման և իրականացման օպերատիվության բարձրացումը, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստվածության գծով համատեղ միջոցառումների անցկացումը: Սերժ Սարգսյանն առաջարկել է նաև որպես առաջին առաջնայնություններից մեկն ամրագրել «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության» մշակման ավարտը:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը։

One response to “ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ նախագահին, ԱԳ նախարարին և ոստիկանության պետին

  1. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *