Արաբական լիգան Թուրքիայից պահանջել է դուրս բերել զորքերն Իրաքից

Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարներն Իրաքի կառավարության պահանջով Կահիրեում արտահերթ ժողով են գումարել, ինչի արդյունքում լիգան հայտարարություն է տարածել` Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից: Այս մասին հայտնում է Euronews հեռուստաընկերության կայքը` փոխանցելով Կահիրեում հեռուստաալիքի թղթակցի հայտնած տեղեկությունները:

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

Լիգայի երկրների արտահերթ հանդիպման ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Նաբիլ էլ-Արաբին հայտարարել է. «Մենք պաշտպանում ենք Իրաքի տեսակետը և հայտնում ենք արաբական երկրների համերաշխությունն այդ երկրին: Իբրև արաբական երկրներ կանգնելով Իրաքի կողքին` մենք Թուրքիայից պահանջում ենք դուրս բերել իր ռազմական ուժերն Իրաքից և հարգել երկու երկրների միջև առկա միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

Հանդիպմանը ներկա եղած Euronews-իթղթակիցը հայտնել է, որ Իրաքն առայժմ խուսափում է միջադեպի ռազմական ելքով լուծման տարբերակից` փորձելով դիվանագիտական ճանապարհով հասնել հարցի լուծմանը:

Հիշեցնենք, որ Իրաքի կառավարության պահանջից հետո Թուրքիայի արտգործնախարարության՝ դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարությունում նշվում էր, որ Թուրքիան շարունակելու է ամբողջությամբ դուրս բերել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայած ստորաբաժանումները: Սակայն տվյալ հայտարարությունում չէր նշվում զորքերն Իրաքի տարածքից դուրս բերելու մասին, ինչն ավելի պարզ դարձավ Թուրքիայի ղեկավարության հաջորդ հայտարարությունից:

Այսպես, դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ թուրքական այն ստորաբաժանումները, որոնք 2015-ի դեկտեմբերից առաջ գտնվում էին Իրաքում, շարունակելու են մնալ Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարում և մարզել Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին: Իսկ այն ստորաբաժանումը, որը 2015-ի դեկտեմբերին էր տեղակայվել, հետ է քաշվելու դեպի Իրաքի հյուսիսային շրջաններ, սակայն կրկին այդ երկրի տարածքից դուրս չի բերվելու: Նույն հայտարարությունն ավելի ուշ հաստատեց նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաք՝ Իրաքյան Քրդստանի ստորաբաժանումները մարզելու պատրվակով։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարել էր , որ Թուրքիան պետք է անմիջապես ստորաբաժանումները դուրս բերի, հակառակ դեպքում իրենք հակաքայլեր կձեռնարկեն։

Դեկտեմբերի 10-ին, Իրաք էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետը և փոխարտգործնախարարը: Վերջիններիս հետ հանդիպումից հետո Իրաքի վարչապետն արտգործնախարարությանը հրահանգել էր թուրքական զորքերի դուրսբերման հարցով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչի նպատակով ԱԽ-ին նամակ էր հղել նաև ՄԱԿ-ում Իրաքի մշտական դեսպանը:

Դեկտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերի իր ԶՈւ ստորաբաժանումներն այդ երկրից:

One response to “Արաբական լիգան Թուրքիայից պահանջել է դուրս բերել զորքերն Իրաքից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *