Թուրքական ստորաբաժանումները մնալու են Իրաքում. Թուրքիայի ՊՆ

Այսօր` դեկտեմբերի 22-ին, Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ թուրքական ստորաբաժանումները շարունակելու են մնալ Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարում և մարզել Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:

Նույն օրը Թուրքիայի վարաչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս հայտարարել է, որ թուրքական ստորաբաժանումները կմնան Իրաքում այնքան ժամանակ, քանի դեռ կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վտանգը:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իսմեթ Յըլմազը նշել է, որ ռազմական հրահանգիչները շարունակելու են մնալ Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարում:

Իսկ երեկ` դեկտեմբերի 21-ին, Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել էր, որ դեկտեմբերին Իրաք ուղարկված ստորաբաժանումն արդեն դուրս է բերվել ռազմական ճամբարից` տեղափոխվելով ավելի հյուսիս, իսկ նախկինում ճամբարում եղած ռազմական հրահանգիչները շարունակելու են մարզել քրդական փեշմերգեի մարտիկներին, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Իրաքի կառավարության հետ:

Ավելացնենք, որ Թուրքիայի արտգործնախարարության՝ դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարությունում նշվում էր, որ Թուրքիան շարունակելու է ամբողջությամբ դուրս բերել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայած ստորաբաժանումները:

Դեկտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերի զորքն այդ երկրից: Սրանից հետո Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունը թուրքական լրատվամիջոցներում ներկայացվում էր որպես հետնահանջ` ԱՄՆ-ի ճնշման ներքո:

Սակայն պետք է նշել, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաք՝ Իրաքյան Քրդստանի ստորաբաժանումները մարզելու պատրվակով։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարել էր , որ Թուրքիան պետք է անմիջապես ստորաբաժանումները դուրս բերի, հակառակ դեպքում իրենք հակաքայլեր կձեռնարկեն։

Դեկտեմբերի 10-ին Իրաքի վարչապետն արտգործնախարարությանը հրահանգել էր թուրքական զորքերի դուրսբերման հարցով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչի նպատակով ԱԽ-ին նամակ էր հղել նաև ՄԱԿ-ում Իրաքի մշտական դեսպանը:

Այսպիսով, սրանից հետևում է, որ Իրաքը պահանջում թուրքական ստորաբաժանամուների ամբողջական դուրսբերումն Իրաքի տարածքից, սակայն Թուրքիան ընդամենը հետ է քաշել դեկտեմբերին «Բեշիքայում» տեղակայած ստորաբաժանումը` այն, սակայն, կրկին թողնելով Իրաքի տարածքում: Բացի այդ, նույն ճամբարում մնացել են դեռևս 2015-ի գարնանից այնտեղ գտնվող թուրքական զինվորականները:

3 responses to “Թուրքական ստորաբաժանումները մնալու են Իրաքում. Թուրքիայի ՊՆ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հս. Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետը Թուրքիայում հանդիպել է էրդողանին և Դավութօղլուին | Ռազմ.info

  3. Pingback: ԻՊ-ն հարձակվել է Իրաքի «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական ուժերի վրա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *