Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) կողմից գերի վերցված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինը պատմել է, որ ինքը, ինչպես նաև ԻՊ-ի բազմաթիվ այլ գրոհայիններ ռազմական պատրաստություն են անցել Թուրքիայի Ադանա քաղաքի մոտ տեղակայված ճամբարում: Այս մասին ԻՊ գրոհայինը հայտնել է ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալության թուրքական ծառայությանը (Sputnik Türkiye) տված հարցազրույցում:
Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի` «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) բանտերից մեկում 2015-ի դեկտեմբերից բանտարկված գրոհային Աբդուրահման Ադբուլհադին, նշելով, որ ԻՊ շարքերին անդամագրվել է դեռևս 2013-ին, ավելացրել է, որ 2014-ին այդ կառույցի կազմում Սիրիայի տարածքում արդեն իսկ մեծ թվով թուրք զինյալներ կային:
Նա հավելել է, որ ինքը 60 ԻՊ զինյալների կազմում 2014-ին ռազմական պատրաստություն է անցել Թուրքիայի հարավարևմտյան Ադանա քաղաքին մոտ տեղակայված մի գյուղի տարածքում: Պատրաստության ընթացքում շաբաթական մեկ անգամ կրակային վարժանքներ են անցկացրել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, գնդացիրներով և այլ հրազենային զինատեսակներով: Զինյալներին մարզել է ոմն Ուրֆացի Ահմեթ, իսկ Իբրահիմ անունով մեկն էլ թարգմանել է նրա խոսքը:
Ռուսաստանյան գործակալության փոխանցածի համաձայն՝ ԻՊ գրոհայինը պատմել է, որ իրենք ռազմական պատրաստություն են անցել Թուրքիայի տարածքում, քանի որ Սիրիայի տարածքում շարունակվող բախումների հետևանքով այդ երկրում մարզվելը գրեթե անհնար էր: Իսկ Ադանայի ճամբարը թուրքական կողմը ներկայացրել է իբրև Սիրիայում չափավոր ընդդիմություն համարվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկների մարզումների ճամբար` խուսափելով ահաբեկիչներին մարզելու մասին իրական տվյալների արտահոսքից: Նշված 60 գրոհայինները սկզբնապես Թուրքիա են ժամանել աշխատանք գտնելու նպատակով, սակայն հետագայում հավաքագրվել են ԻՊ շարքերում կռվելու համար:
Աբդուրահմանի հիմնական գործը եղել է Թուրքիայի տարածքում սիրիացիների հավաքագրումը: Նրանց նույնպես վերապատրաստել են նշված ճամբարում, ապա ուղարկել Ուրֆա, այնտեղից էլ` Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգ, որտեղ վերջիններս ստացել են համապատասխան հանձնարարություններ:
Սիրիայում ԻՊ գրոհայիններին զենք մատակարարվել է Իրաքի տարածքից` հումանիտար օգնություն տեղափոխող քաղաքացիական բեռնատարների միջոցով: Ծանր սպառազինությունը մատակարարվել է Սիրիայի արևելյան Հասաքա նահանգի Աշ-Շադադդա քաղաքից:
Այլ էական տեղեկություններ ԻՊ գրոհայինը չի հայտնել, կամ դրանց մասին ռուսաստանյան Sputnik գործակալությունը դեռևս չի նշում:
Ավելացնենք, որ զինյալը ներկայացրել է զենքի բեռնափոխադրումների ուղիների և միջոցների՝ միայն իրեն հայտնի տեղեկությունները, իսկ զենք տեղափոխվել է նաև այլ շրջաններից:
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում 2014-ին Թուրքիայի տարածքում մարզումնեն էին անցնում «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման մարտիկները:
Հավելենք, որ 2014-ի հունվարին թուրքական ժանդարմերիայի՝ Ադանայի և Հաթայի վարչությունների աշխատակիցները խուզարկման համար կանգնեցրել էին ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից ուղեկցվող բեռնատարները։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել էր, որ բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայում ապրող թուքմեններին, սակայն չէր նշել, թե դա ինչ բեռ էր։
Հետագայում բեռնատարները խուզարկողների նկատմամբ Թուրքիայում քրեական գործ էր հարուցվել, ինչի մասին կարող եք կարդալ այս հղումով: