Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015

Թուրքական ստորաբաժանումները մնալու են Իրաքում. Թուրքիայի ՊՆ • Արաբական լիգան Թուրքիայից պահանջել է դուրս բերել զորքերն Իրաքից • Գերմանիան դուրս է բերել Թուրքիայում տեղակայած Patriot ՀՕՊ համակարգերը • Թուրքիայու արևելքում շարունակվում են քրդերի և ուժայինների բախումները • ԻՊ գրոհայինը պատմել է Թուրքիայում ահաբեկիչների ճամբարների մասին • F-35 կործանիչների արտադրության համար Թուրքիայում ստեղծվում է 7,5 մլրդ դոլարի ենթակառուցվածք • Թուրքական ԱԹՍ-ն տեղական արտադրության հակատանկային հրթիռ է արձակել • Թուրքական Otokar-ը 52 մլն դոլարի զրահամեքենա կմատակարարի Թուրքիայի ԶՈւ-ին • Թուրքիան 2007-2014 թթ. սպառազինության ներկրած երկրների առաջին տասնյակում է • Հրապարակվել են 2007-ից 2014 թթ. հետխորհրդային երկրներ արտահանված սովորական սպառազինության ծավալները. Թուրքիան այդ ցուցանիշով երրորդ տեղում է

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

• Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ թուրքական այն ստորաբաժանումները, որոնք 2015-ի դեկտեմբերից առաջ գտնվում էին Իրաքում, շարունակելու են մնալ Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարում և մարզել Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին: Իսկ այն ստորաբաժանումը, որը 2015-ի դեկտեմբերին էր տեղակայվել, հետ է քաշվելու դեպի Իրաքի հյուսիսային շրջաններ, սակայն կրկին այդ երկրի տարածքից դուրս չի բերվելու: Նույն հայտարարությունն ավելի ուշ հաստատեց նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Դեկտեմբերի 24-ին Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարներն Իրաքի կառավարության պահանջով Կահիրեում արտահերթ ժողով են գումարել, ինչի արդյունքում լիգան հայտարարություն է տարածել` Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից:

• Գերմանիայի ԶՈւ 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը դեկտեմբերի 22-ին դուրս են բերվել Թուրքիայից:

Գերմանիայի ԶՈւ Patriot ՀՕՊ համակարգերը բեռնվում են դանիական նավ` Թուրքիայից Գերմանիա տեղափոխելու համար. 22.12.2015թ.

Գերմանիայի ԶՈւ Patriot ՀՕՊ համակարգերը բեռնվում են դանիական նավ` Թուրքիայից Գերմանիա տեղափոխելու համար. 22.12.2015թ. Նկարը` թուրքական «Դողան« լրատվական գործակալության

• Թուրքիայի արևելքում շարունակվում են թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), ինչպես նաև քուրդ ազգաբնակչության հետ բախումները: Թուրքական ուժայինները շարունակում են տանկեր, հրետանի և խոշոր տրամաչափի գնդացիրներ օգտագործել քրբաբնակ վայրերում:

Այս շաբաթ գրանցված իրադարձություններին, թուրքական և քրդական կողմերի մեկնաբանություններին կարող եք ծանոթնալ հետևյալ հղումներով՝
• Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները
• Թուրքիայի արևելքում թուրք-քրդական բախումներում սպանվել է 2, վիրավորվել` 13 ուժային
• Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 22-23
• Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 23-24
• Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 24-25 

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառի կենտրոնում

• Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) կողմից գերի վերցված «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինը պատմել է, որ ինքը, ինչպես նաև ԻՊ-ի բազմաթիվ այլ գրոհայիններ ռազմական պատրաստություն են անցել Թուրքիայի Ադանա քաղաքի մոտ տեղակայված ճամբարում:

• F-35 կործանիչների համար շուրջ 16 մլրդ ամերիկյան դոլարի թուրքական ներդրումների գրեթե կեսը` 7,5 միլիարդի ներդրումները, կմնան Թուրքիայի տարածքում` նպաստելով թուրքական ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների զարգացմանը:

• Թուրքական Bayraktar Taktik Block B («Բայրաքթար») անօդաչու թռչող սարքը դեկտեմբերի 17-ի փորձարկումների ընթացքում 5 հազար մետր բարձրությունից արձակել է 2 միավոր 37,5 կգ UMTAS հակատանկային հրթիռ՝ վերածվելով հարվածային ԱԹՍ-ի:

• Թուրքական Otokar ռազմարդյունաբերական ընկերությունը ստորագրել է Թուրքիայի զինված ուժերին 4×4 անվային ընթացամասով զրահամեքենաներ, դրանց պահեստամասեր տրամադրելու, ինչպես նաև զրահամեքենաների սպասարկումն իրականացնելու շուրջ 52 մլն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր:

• Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկության համաձայն` 2007-ից 2014 թթ. հետխորհրդային երկրներ զենքի և ռազմական տեխնիկայի արտահանմամբ առաջին 3 հորիզոնականում հաջորդաբար Ռուսաստանը, Իսրայելը և Թուրքիան են:

Նույն կենտրոնի տվյալներով՝ 2007-2014 թթ. սովորական սպառազինության ներկրման փաստացի ծավալներով առաջին հորիզոնականում Հնդկաստանն է` շուրջ 41 մլրդ ամերկյան դոլարի սպառազինության ներկրմամբ: Նույւն ժամանկահատվածում Թուրքիան ներկրել է 12 մլրդ 177 մլն դոլարի ռազմական նշանակության արտադրանք՝ սպառազինության ներկրման համաշխարհային շուկայում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Իրանում

2 responses to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *