Հութիները «Սկադ» հրթիռներով փորձել են ոչնչացնել Սաուդյանների ռազմաօդային բազաներից մեկը

Հունիսի 6-ին Եմենի իրանամետ ապստամբ հութիները «Սքադ» բալիստիկ հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, որը Սաուդյան զինված ուժերը Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով վնասազարծել են երկրի հարավարևմտյան Խամիս Մուշաիթ քաղաքի մոտակայքում: Հրթիռի թիրախը եղել է հենց Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաօդային բազան: Այս մասին հայտնում է BBC լրատվական ծառայությունը:

Եմենի՝ «Սկադ» (Ռ-17 «Էլբրուս») բալիստիկ հրթիռ

Եմենի՝ «Սկադ» (Ռ-17 «Էլբրուս») բալիստիկ հրթիռ

Սաուդյան Արաբիայի տարածած հայտարարության համաձայն՝ հրթիռն արձակվել է այն բանից հետո, երբ կանխվել է  հութիների՝ Սաուդյան Արաբիայի Ջիզան նահանգ ներխուժելու փորձը, որի ժամանակ զոհվել են տասնյակ ապստամբներ, իսկ Սաուդյան Արաբիայի բանակը անձնակազմի 4 կորուստ է ունեցել:

Հատկանշական է, որ Եմենում հակամարտության ու արաբական ավիահարվածների հենց սկզբից Սաուդյանները փորձել են ոչնչացնել Եմենի հրթիռային սպառազինությունը, քանի որ այն կարող էր իրական վտանգ ներկայացնել Արաբիայի համար: Ինչպես նշում է ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը, մինչ ավիահարվածները եմենցիների, հետագայում՝ հութիների տրամադրության տակ կային ինչպես «Սկադ», այնպես էլ «Տոչկա-Ու» հրթիռներ:

Բացի այդ, հայտնի է, որ դեռևս հոկտեմբերին Սաուդյան Արաբիան բանակցությունների մեջ էր ԱՄՆ-ի հետ՝ իր ունեցած Patriot հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրները արդիականացնելու վերաբերյալ: Այն ժամանակ նշվում էր, որ նպատակը «Իսլամական պետությունից» սպասվող վտանգը չեզոքացնելու համար է: Սակայն այն ժամանակ ԻՊ-ն դեռ չուներ այնպիսի սպառազինությունից, որից Սաուդյանները պիտի պաշտպանվեին Patriot համակարգերով:

Իսկ ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են մասնավորապես նաև բալիստիկ հրթիռների ոչնչացման համար: Դրանց նպատակը միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովումն է։ Համակարգերի PAC-3 (Patriot Advanced Capability 3) տարբերակը, ինչպիսին ուզում էին ստանալ Սաուդյանները, համարվում է Patriot համակարգերի ամենաթարմ տարբերակը։

Հութիների արձակած «Սկադ-Բ» հրթիռը խոցվել է Խամիս Մուշաիթ քաղաքի մոտակայքում

Հութիների արձակած «Սկադ-Բ» հրթիռը խոցվել է Խամիս Մուշաիթ քաղաքի մոտակայքում

Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և 2010-ին իշխանությունից հեռացված նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հետ դաշնակցող ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվեց, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:

3 responses to “Հութիները «Սկադ» հրթիռներով փորձել են ոչնչացնել Սաուդյանների ռազմաօդային բազաներից մեկը

  1. Pingback: Սաուդյան Արաբիան հերքում է Եմենի հութիների՝ «Սկադով» հարվածներն իր ռազմաբազային | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն կարող է Սաուդյան Արաբիային վաճառել 5,4 մլրդ դոլարի Patriot հրթիռներ | Ռազմ.info

  3. Pingback: Եմենի բանակը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին կից ռազմաբազան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *