Սաուդյան Արաբիան կարող է արդիականացնել իր Փեթրիոթները

ԱՄՆ պետդեպարտամենտը թույլատրել է Սաուդյան Արաբիայի զինված ուժերի Patriot զենիթահրթիռային համալիրների արդիականացման ու դրանց հրթիռների տրամադրման հնարավոր գործարքը: Այս մասին որոշումը հրապարակել է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը:

«Փեթրիոթ» համակարգ

«Փեթրիոթ» համակարգ

Զենքի վաճառքի հավանական պայմանագիրը, որ գնահատվում է մոտ 1,75 մլրդ ամերիկյան դոլար, ներառելու է Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ունեցած Patriot համալիրների արդիականացում մինչև PAC-3 մակարդակի, որն այդ համակարգերի ամենաթարմ տարբերակն է ներկայում, ինչպես նաև համակարգերի համար նախատեսված 202 միավոր հրթիռներ, կեղծ թիրախներ, վարժասարքեր, կից սարքավորում և այլն: Պայմանագրով ամերիկյան կողմը պարտավորվելու է նաև արաբական զինված ուժերում նորացված համակարգերին վերապատրաստել տեղական ստորաբաժանումների զինծառայողներին, տրամադրել ուսումնական նյութեր, իրականացնել համակարգերի սպասարկումը և այլն:

Միևնույն ժամանակ, պետդեպարտամենտի որոշումը դեռ բավարար չէ, որպեսզի հնարավոր գործարքը կայանա, քանի որ մեծ ծավալի զենքի վաճառքի համար ԱՄՆ-ում վերջնական թույլտվություն տալիս է ԱՄՆ Կոնգրեսը, որն էլ կարող է չեղարկել գործարքը: Բացի այդ էլ, փաստ չէ, որ գործարքը կկնքվի, քանի որ վերջնական բանակցությունների ժամանակ կողմերը կարող են այդպես էլ պայմանավորվածության չգալ:

Այդուհանդերձ, արաբական երկրի զինված ուժերում համակարգերի թարմացման անհրաժեշտությունը կա, քանի որ եղած համակարգերը բարոյապես մաշված են, իսկ դրանց հրթիռների շահագործման ժամկետները մոտենում են ավարտին: Այս պայմաններում Սաուդյան Արաբիան դիմել է ԱՄՆ ղեկավարությանը համակարգերի արդիականացման խնդրանքով:

Ամերիկյան պետական գործակալության հավաստմամբ՝ համալիրների տրամադրման հավանական գործարքը էականորեն չի ազդի տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, բայց միևնույն ժամանակ կամրապնդի Միացյալ Նահանգների դաշնակից Սաուդյան Արաբիայի պաշտպանունակությունը:

Ավելացնենք, որ ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակառակորդի բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Արտադրությունը սկսվել է 1976 թվականին, իսկ ԱՄՆ սպառազինության մեջ ընդգրկվել է 1981-ին։ PAC-3 (Patriot Advanced Capability 3) համարվում է Patriot համակարգերի ամենաթարմ տարբերակը։

Համակարգերի MIM-104 հրթիռներն ունեն 410 մմ տրամաչափ ու 5,3 մետր երկարությունը։ Հրթիռների զանգվածը 912 կգ է, մարտական մասի զանգվածը՝ 91 կգ։ Հրթիռների հեռահարությունը առավելագույնը 80 կմ է, բարձրությունը՝ առավելագույնը՝ 24 կմ։

Patriot հրթիռային համակարգեր կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում, իսկ հենց PAC-3 մակարդակի համալիրներով զինված են Միացյալ Նահանգների, Նիդերլանդների (մի մասը տեղակայված է Թուրքիայի տարածքում), Գերմանիայի, Թայվանի, Քուվեյթի ու Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը:

One response to “Սաուդյան Արաբիան կարող է արդիականացնել իր Փեթրիոթները

  1. Pingback: Հութիները «Սկադ» հրթռիներով փորձել են ոչնչացնել Սաուդյանների ռազմաօդային բազաներից մեկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *