Մայիսի 27-ին Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել հայ խաղաղապահների 32-հոգանոց ստորաբաժանումը, որը Լիբանանում փոխարինել է 2014թ. նոյեմբերից այնտեղ խաղաղապահ ծառայություն իրականացնող հայկական առաջին խմբին: Առաջին խումբն իր հերթին Հայաստան է վերադարձել հունիսի 4-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 6-ի թողարկումից:
Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջին խումբը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում ծառայություն էր կրում 2014թ. նոյեմբերից: ՀՀ ԶՈւ զինծառայողների 30 հոգանոց դասակը և 2 շտաբային սպաները Լիբանանում հսկում էին ՄԱԿ-ի Շամա զինավանի անվտանգությունը:
2015թ. ապրիլի 11-ին Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈւ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: Այցի շրջանակներում նախարարը եղել էր նաև Շամա զինավանում, որտեղ հանդիպել էր հայ խաղաղապահներին:
Ավելացնենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում:
2015թ. մայիսի դրությամբ ՀՀ ԶՈւ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող` Լիբանանում, 35՝ Իրաքում: Առաքելություններից Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:
Pingback: Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների երրորդ խումբը | Ռազմ.info