ԱՄՆ-ն կարող է Սաուդյան Արաբիային վաճառել 5,4 մլրդ դոլարի Patriot հրթիռներ

ԱՄՆ պետքարտուղարությունը թույլ է տվել Սաուդյան Արաբիային վաճառել ամերիկյան արտադրության Patriot PAC-3 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի հրթիռներ, ինչպես նաև արդիականացնել արաբական երկրի սպառազինության մեջ եղած Patriot համակարգերը: Այս մասին որոշումը հուլիսի 29-ին հրապարակել է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը:

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Համակարգերի համար նախատեսված 600 միավոր PAC-3 Cost Reduction Initiative (CRI) նոր հրթիռների, եղած համակարգերի արդիականացման, ինչպես նաև կից սարքավորումների, անձնակազմի վերապատրաստման և այլ աշխատանքների համար սաուդյան կողմը ամերիկյան ընկերություններին վճարելու է շուրջ 5,4 միլիարդ ամերիկյան դոլար:

Թեև ներկա որոշման մեջ չի նշվում, թե սաուդյան սպառազինության մեջ եղած համակարգերից քանիսն է արդիականացվելու, սակայն այս հնարավոր գործարքի մասին նախորդ՝ 2014-ի հոկտեմբերի հրապարակման մեջ նշվում էր, որ արդիականացման ենթակա է 36 միավոր արձակման կայան: Բացի այդ, 600 հրթիռների փոխարեն այն ժամանակ նշվում էր 202 հրթիռների վաճառքի մասին:

Նման մեծ քանակով հակաօդային պաշտպանության հրթիռների գնումն ու համակարգերի արդիականացումը ամերիկյան Defense One լրատվակայքը կապում է Իրանի-վեցյակ համաձայնության հետ: Նշվում է, որ համաձայնությունից հետո Սաուդյան Արաբիան մտադիր է ամրացնել իր հակաօդային պաշտպանությունը՝ Իրանից եկող հնարավոր վտանգից պաշտպանվելու համար:

Իսկ իրանական PressTV լրատվակայքն իր հերթին նշում է, որ Սաուդյաններին այս ծավալի սպառազինության վաճառքը վտանգի տակ է դնում տարածաշրջանում կայունությունը. դա կարող է ստիպել, որ տարածաշրջանային մյուս պետությունները սկսեն սպառազինությունների մրցավազք:

Չնայած դրան՝ ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության  հաղորդագրության հավաստմամբ՝ համալիրների տրամադրման հավանական գործարքն էականորեն չի ազդի տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, բայց միևնույն ժամանակ կամրապնդի Միացյալ Նահանգների դաշնակից Սաուդյան Արաբիայի պաշտպանունակությունը:

Հատկանշական է նաև, որ Եմենում Սաուդյան Արաբիայի և դաշնակիցների ավիահարվածներից հետո եմենցի իրանամետ հութի ապստամբները սաուդյան տարածքների ուղղությամբ հունիսին արձակել էին «Սքադ» բալիստիկ հրթիռ, որը Սաուդյան Արաբիայի զինված ուժերը չեզոքացրել էին հենց Patriot համակարգից արձակված երկու հրթիռներով:

Ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են մասնավորապես նաև հենց բալիստիկ հրթիռների ոչնչացման համար: Դրանց նպատակը միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովումն է։ Համակարգերի PAC-3 (Patriot Advanced Capability 3) տարբերակը, ինչպիսին ամերիկյան կողմը կարող է վաճառել Սաուդյան Արաբիային, համարվում է Patriot համակարգերի ամենաթարմ տարբերակը։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ԱՄՆ պետդեպարտամենտի որոշումը դեռ բավարար չէ, որպեսզի հնարավոր գործարքը կայանա, քանի որ մեծ ծավալի զենքի վաճառքի համար ԱՄՆ-ում վերջնական թույլտվություն տալիս է ԱՄՆ Կոնգրեսը, որն էլ կարող է չեղարկել գործարքը: Բացի այդ էլ, փաստ չէ, որ գործարքը կկնքվի, քանի որ վերջնական բանակցությունների ժամանակ կողմերը կարող են այդպես էլ պայմանավորվածության չգալ:

Ավելացնենք, որ Patriot հրթիռային համակարգեր (տարբեր արդիականացումներ) կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում, իսկ հենց PAC-3 մակարդակի համալիրներով զինված են Միացյալ Նահանգների, Նիդերլանդների (մի մասը տեղակայված է Թուրքիայի տարածքում), Գերմանիայի, Թայվանի, Քուվեյթի ու Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը: Համակարգերի հրթիռների հեռահարությունը առավելագույնը 80 կմ է, բարձրությունը՝ առավելագույնը՝ 24 կմ։

One response to “ԱՄՆ-ն կարող է Սաուդյան Արաբիային վաճառել 5,4 մլրդ դոլարի Patriot հրթիռներ

  1. Pingback: Սաուդյան Արաբիան Patriot համակարգի 600 հրթիռ է պատվիրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *