Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Եմենի ապստամբ հութիների՝ հունիսի 29-ի երեկոյան տարածած այն հայտարարությունը, թե վերջիններս «Սկադ» հրթիռով խոցել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմական բազան:Այս մասին հայտնում է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը:
ՊՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ ռազմաբազային ոչ մի հրթիռ չի մոտեցել, և այն անվնաս է: Գերատեսչությունը նաև հայտնում է 1 զինծառայողի մահվան մասին, ով զոհվել է Սաուդյան Արաբիայի՝ Եմենին սահմանակից Նաջարան շրջանում ապստամբների հարվածների հետևանքով:
Հավելենք, որ հութիներն առաջին անգամ Սաւոդյան արաբիայի ուղղությամբ «Սկադ» բալիստիկ հրթիռ արձակել են հունիսի 6-ին: Հրթիռը սաուդյան զինված ուժերը վնասազերծել էին Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով: Հրթիռի թիրախը եղել է հենց Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաբազան:
Հատկանշական է, որ Եմենում հակամարտության ու արաբական ավիահարվածների հենց սկզբից Սաուդյանները փորձել են ոչնչացնել Եմենի հրթիռային սպառազինությունը, քանի որ այն կարող էր իրական վտանգ ներկայացնել Արաբիայի համար: Ինչպես նշում է ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» բլոգը, մինչ ավիահարվածները եմենցիների, հետագայում՝ հութիների տրամադրության տակ կային ինչպես «Սկադ», այնպես էլ «Տոչկա-Ու» հրթիռներ:
Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և 2010-ին իշխանությունից հեռացված նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հետ դաշնակցող ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:
Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվեց, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:
Pingback: Եմենցիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին կից ռազմաբազային | Ռազմ.info