Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ռազմական արդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ծանոթացել ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության զինատեսակներին, դրանց պատրաստման ու նորոգման տեղամասերին, ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Պաշտպանության նախարարին են ներկայացվել նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել հատկապես մշակված նորարարական արտադրատեսակները: Շրջայցի ընթացքում նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և նախանշել որոշակի ուղղություններ:
Հիշեցնենք, որ մարտի ընթացքում սա Սեյրան Օհանյանի արդեն երրորդ այցն է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, մինչ այս նախարարը մարտի 3-ին և մարտի 12-ին ևս այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել հայրենական արտադրանքին: Բացի այդ, մարտի 17-ին ՀՀ ԶՈւ չորս զորամասեր կատարած այցի ընթացքում ևս նախարար Օհանյանին էր ներկայացվել հայրենական ռազմական արդյունաբերության արտադրանքներից ևս մեկը՝ հետևակի մարտական մեքենայի վարժասարքը:
Բացի այդ, սպասվում է նաև, որ ՀՀ ազգային ժողովի նստաշրջանի ընթացիկ քառօրյա նիստերի ժամանակ երրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունելու է «ՀՀ Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որի նպատակը ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումն է: Օրենքով կարգավորվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքները:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info