ՌԴ-ում կոչ են անում կրկին թույլատրել՝ կիրառել զինված ուժերն Ուկրաինայի տարածքում

Պետդուման պետք է վերականգնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա զորքեր մտցնելու իրավունքը, եթե ԱՄՆ-ը զենքով սկսի էականորեն աջակցել ուկրաինական կառավարական ուժերին։ Ինչպես մարտի 24-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նման պահանջով է հանդես եկել ռուսաստանյան խորհրդարանական «Արդար Ռուսաստան» («Справедливая Россия», Պետդումայի պատգամավորական 450 տեղերից զբաղեցնում է 64-ը) կուսակցության առաջին փոխնախագահ Միխաիլ Եմելյանովը:

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Մարտի 17-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տրվում  հաստատել Ուկրաինային մահաբեր պաշտպանողական զենք մատակարարելու որոշումը, ինչը, ըստ բանաձևի հեղինակների, կօգնի Ուկրաինայի ժողովրդին մեծացել սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, բանաձևի հեղինակները նշել են, որ վերջին մեկ տարում Ուկրաինայի հարավ-արևելքում կատարվող իրադարձությունների և զոհերի համար միջաքզգային հանրությունը մեղադրում է միայն Ռուսաստանին՝ չհիշելով, որ այդ իրադարձությունների հետևանքով փախստական դարձած քաղաքացիների մի ստվար զանգվածն ապաստան է գտել հենց ՌԴ-ում:

Մեկնաբանանելով ամերիկյան կողմի այս դիրքորոշմանը, Եմելյանովը հայտարարել է՝ որ նման քաղաքականությունը սադրանք է, ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ հակամարտության կարգավորման հարցում, ամեն կերպ ձգտում է զինել Ուկրաինան,  քանի որ ամերիկյան աշխարհաքաղաքականության մեջ Ուկրաինան լծակ է, որն օգտագործելով փորձ է արվում թույլ չտալ ՌԴ-ին՝ դառնալու նոր գերտերություն։

Նշենք, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը մարտի 22-ին Բրյուսելում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել էր, թե Ուկրաինայում հակամարտությունը կարող է սրվել ինչպես զենք մատակարարելու, այնպես էլ ոչինչ չանելու դեպքում: Բրիդլավը, առիթից օգտվելով, նաև մտահոգություն էր հայտնել փետրվարի 15-ին հայտարարված զինադադարը չպահպանելու կապակցությամբ՝ մեղադրելով դրանում Ռուսաստանին և Դոնբասում կռվող ապստամբներին։ Գեներալը հավելել էր, որ իրենք տեղյակ են ապստամբներին մատակարարվող զենքի մասին, որն ուղարկում են  սահմանի մյուս կողմից ու այդ կերպ ակնարկել, որ եթե ՌԴ-ն զինում է ապստամբներին, ուրեմն ՆԱՏՕ-ն էլ իրավասում է զինել ուկրաինական կողմին։

Հիշեցնենք, որ Մինսկում փետրվարի 11-12-ին ընթացած բանակցությունների արդյունքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն համաձայնության էին եկել հաստատել  հրադադար, որն ուժի մեջ էր մտնելու փետրվարի 15-ին՝ Կիևի ժամով 00:00-ին։

Համաձայն այս որոշման՝ հակամարտող կողմերը՝ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունն ու ապստամբ ուժերը, զինադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո պետք է դադարեցնեին կրակն ու զորքերի շփման գծից հետ քաշեին խոշոր սպառազինությունը, սակայն ռազմական գործողությունները ոչ միայն չդադարեցին, այլև ծանր մարտեր ծավալվեցին Դեբալցևոյում:

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի մարտ1 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր երկրի Դաշնային խորհրդին՝ Ուկրաինայի տարածք զորք մտցնելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում էր, որ հաշվի առնելով Ուկրաինայում ծայր առած իրավիճակն ու այդ երկրում ՌԴ քաղաքացիների համար առկա վտանգը, նախագահը դիմում է Դաշնային խորհրդին՝ երկրի զինված ուժերն Ուկրաինայում կիրառելու թույլտվության համար։ Դիմուոմն արժանացել էր հավանության:

Որոշումը չեղարկվել էր 2014-ի հունիսի 25-ին՝ նախագահ Պուտինի առաջարկությամբ:

2 responses to “ՌԴ-ում կոչ են անում կրկին թույլատրել՝ կիրառել զինված ուժերն Ուկրաինայի տարածքում

  1. Pingback: ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է Ուկրաինային զինել մահաբեր զենքով | Ռազմ.info

  2. Pingback: Օբաման վետո է դրել երկրի՝ 2016 թվականի պաշտպանական բյուջեի նախագծի վրա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *