Նախարար Օհանյանը 4 զորամաս է այցելել, ծանոթացել հայրենական արտադրության վարժասարքին

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ մի շարք զորամասերում: Այցի շրջանակում նախարար Օհանյանը հանդիպել է նաև Գյումրիի և Արմավիրի մարզերից բանակ զորակոչված ժամկետային զինծառայողներին և նրանց ծնողներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորամասերից մեկում նախարար Օհանյանին ներկայացնում են հայրենական արտադրության վարժասարքը

Զորամասերից մեկում նախարար Օհանյանին ներկայացնում են հայրենական արտադրության վարժասարքը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի, բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ վաղ առավոտյան Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ավիացիոն զորամասերից մեկում: Օդաչուների նախաթռիչքային պատրաստման լսարանում պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասի հրամանատարական կազմի հետ, խոսել ռազմավիացիոն ոլորտում առկա ձեռքբերումների և խնդիրների, օդաչուների մասնագիտական պատրաստության հարցերի շուրջ: Լսելով սպայակազմի բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկությունները` Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ:

Շրջայցի հաջորդ կանգառը հակատանկային հրետանային զորամասերից մեկում էր: Շրջելով զորամասի տարածքում՝ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է զինծառայողների առօրյայով, նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով զորամասի հրամանատարությանը:

Աշխատանքային այցի շրջանակում նախարարը եղել է նաև Շիրակի մարզպետարանում, որտեղ հանդիպել է մարզից զորակոչված ժամկետային 10 լավագույն զինծառայողների ծնողներին: Միջոցառման ընթացքում ներկայացնելով ազգային բանակում իրականացվող բարեփոխումները և դրանցում հայ զինվորի առանցքային դերակատարությունը՝ պաշտպանության նախարարը շնորահակալագրեր է հանձնել հանդիպմանը ներկա ծնողներին, իսկ նրանց զինվոր որդիներին` բարեխիղճ ծառայության համար խրախուսել է կարճատև արձակուրդով:

Հագեցած օրակարգով շրջայցի մյուս կանգառը Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում է եղել: Պաշտպանության նախարարին են ներկայացվել այս տարի ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք «Անխախտ եղբայրություն» զորավարժության նախապատրաստման շրջանակում զորամասի վրանային ավանում իրականացվող աշխատանքները, առկա խնդիրները:

Սեյրան Օհանյանը պարգևատրում է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողին

Սեյրան Օհանյանը պարգևատրում է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողին

Նախարար Օհանյանը զինծառայողների հետ հանդիպման ժամանակ

Նախարար Օհանյանը զինծառայողների հետ հանդիպման ժամանակ

Ուսումնական զորամասի զորանոցի, բուժկետի, ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին ծանոթանալուց և զինծառայողների պարտականությունները ստուգելուց բացի, Սեյրան Օհանյանը ներկա է եղել նաև լսարաններից մեկում հայրենական արտադրության նոր վարժասարքի շահագործման ու տեխնիկական սպասարկման գործնական պարապմունքին: Զորամասում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Արմավիրի մարզից բանակ զորակոչված ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների հետ:

Շրջայցի վերջին կանգառն է եղել ինժեներասակրավորային զորամասը, որտեղ ևս ՀՀ պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարությանն առաջադրել է մի շարք խնդիրներ և նախանշել աշխատանքային հիմնական ուղղությունները:

One response to “Նախարար Օհանյանը 4 զորամաս է այցելել, ծանոթացել հայրենական արտադրության վարժասարքին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *