Թուրքիայում ոստիկանները կանգնեցրել են Քոբանի անցնել փորձող քրդերին

Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 27-ին արցունքաբեր գազ է օգտագործել Սիրիայի՝  «Իսլամական պետության» զինյալներից ազատագրված Քոբանի սահմանամերձ քաղաք անցնել փորձող քրդերի դեմ: Այս մասին հաղորդում է WorldBulletin լրատվակայքը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողան

Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի տարբեր բնակավայրերից հավաքված քրդերը փորձել են հատել Սիրիայի սահմանը և միանալ Քոբանիի ազատագրումը տոնող հայրենակիցներին, սակայն վերջիններիս կանգնեցրել են թուրք ոստիկանները՝ փակելով ճանապարհն ու արցունքաբեր գազ օգտագործելով:

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ իրենք թույլ չեն տա, որ Սիրիայում նոր «Հյուսիսային Իրաք» ստեղծվի, քանի որ նման կազմավորումը հետագայում լուրջ խնդիրներ կստեղծի, հունվարի 27-ին հայտնել է «Ալ-Արաբիյա» հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Հատկանշական է, որ դեռևս 2014-ի սեպտեմբերից թեժ մարտերի մեջ գտնվող Քոբանի քաղաքի հիմնականում քուրդ բնակչությունը սկզբնական շրջանում որևէ օժանդակություն չէր ստանում հարևան Թուրքիայից, իսկ քրդերին աջակցելու նպատակով Թուրքիայում կազմակերպվող ցույցերը խստորեն ճնշվում էին թուրքական իշխանությունների կողմից: Սահմանը փակ էր ինչպես Թուրքիայի քաղաքացի, այնպես էլ Իրաքի՝ Քոբանիի բնակիչներին օգնության հասնել ցանկացող քրդերի համար: Հետաքրքական է նաև այն հանգամանքը, որ սահմաններ չճանաչող «Իսլամական պետության» զինյալները, չնայած մոտ հարևանությանը, չէին հարձակվում Թուրքիայի վրա:

Միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու դաշնակիցների օդուժի բեռնատար ինքնաթիռները զենքով, զինամթերքով ու դեղորայքով ծանրոցներ էին  նետել Քոբանիում կռվող քրդերին, Թուրքիայի իշխանությունները որոշել էին թույլ տալ Հյուսիսային Իրաքի քրդերին անցնել Թուրքիայի տարածքով ու միանալ Քոբանիում կռվողներին: Մինչև Քոբանին ազատագրելը Թուրքիայի տարածքով Քոբանի է հասել Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգեի ուժերի 3 խումբ:

Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքը 2014-ի սեպտեմբերից շարունկավող մարտերից հետո հունվարի 26-ին ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից և անցել տեղի քրդերի հսկողության տակ: Վերջիններս այդ ամիսների ընթացքում աջակցություն են ստացել Հյուսիսային Իրաքի ինքնավարության Փեշմերգե զորաջոկատներից և Սիրիայի Ազատ բանակից, ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայից:

 

One response to “Թուրքիայում ոստիկանները կանգնեցրել են Քոբանի անցնել փորձող քրդերին

  1. Pingback: Թուրքիան 2 անգամ հարվածել է քրդական PYD-ին Սիրիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *