2014թ. նոյեմբերին ՀՀ ԶՈւ ուղղաթիռի խոցման դեպքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունում անցկացվել է ծառայողական քննություն, մեղավորները տույժ են ստացել, պաշտոնանկություներ են եղել, ընթացքի մեջ է նաև հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 27-ին, ՊՆ վարչական համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ:
Նախարարը նշել է, որ ուղղաթիռի անձնակազմը կատարել է պլանային ուսումնամարտական թռիչք՝ փոքր-ինչ շեղումով, սակայն միջադեպի հիմնական մեղավորը հակառակորդն է, որը խոցել է ուղղաթիռը՝ խախտելով հրադադարի ռեժիմը:
Նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ, այնուամենայիվ, ուղղաթիռի խոցման համար հայկական կողմը պատժել է Ադրբեջանի զինված ուժերին՝ չբացահայտելով, սակայն, թե կոնկրետ ինչ գործողությամբ:
Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմը խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, երբ այն Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում ուսումնավարժական թռիչք էր կատարում Աղդամի հատվածու: Ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները մահացել էին, ՊԲ հատուկ ստորաբաժանումը նոյեմբերի 22-ին դուրս էր բերել մահացած օդաչուների դիերը:
Անդրադառնալով դեպքին՝ նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 28-ին հայտարարել էր, որ անձնակազմի դիերը վերադարձնելով գործը չի ավարտվել: Կա երեք զոհ, և ծառայողական քննություն ու քրեական գործ է հարուցվել, որոնք իրականացվում են հրամանատարության և իրավապահների ջանքներով: Աշխատանքների արդյունքում կտրվեն գնահատականներ: