Հոկտեմբերի 25-ին, Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) մեղադրել է Թուրքիայի զինված ուժերին՝ իրենց վերահսողության տակ անցած Թել Աբյադ և Քոբանի քաղաքներում քրդական ուժերի վրա կրակելու համար։Այս մասին հայտնում են արաբական «Ալ Ջազիրա» հեռուսաընկերությունն ու քրդական Rudaw լրատվական կայքը։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոտեմբերի 26-ին հայտարարել է՝ իրենք ուշադրությամբ հետևելու են, որ քրդական ուժերի վերահսկողությունը չանցնի Եփրատի արևմտյան ափ ու հավելել, որ իրենք կհարվածեն քրդերին այն պահին, երբ տա տեղի ունենա։ «Մենք արդեն 2 անգամ հարվածել ենք նրանց»,-նշել է Դավութօղլուն՝ հաստատելով PYD-ի նախորդ օրվա հայտարարությունը։ Հաղորդում է թուրքական A Haber հեռուստաալիքը։
Հատկանշական է, որ մի շաբաթ առաջ Սիրիայի քրդերը հայտարարել էին, որ Թել Սբյադը (հիմանականում արաբներով բանակեցված քաղաք է, եղել է «Իսլամական պետության» վերահսկողության տակ և քրդերի ձեռքն է անցել այս տարվա հունիսին) մտցնում են Սիրիայի հյուսիսում իրենց ստեղծած ինքնավարարության կազմի մեջ։
Այստեղ հարկ է նկատել, որ Թուրքիային անհանգստացնում է PYD-ի վերահսկողության տարածումը Եփրատից արևմուտք, քանի որ Եփրատից արևելք՝ Սիրիայի հյուսիսն ամբողջության քրդերի ձեռքում է։ PYD-ի վերահսկողության հնարավոր ընդլայնումը դեպի արևմուտք կհանգեցնի նրան, որ Թուրքիան կկորցնի Սիրիայի արաբաբնակ հատվածների հետ ցամաքային կապը։ Քարտեզում նշված ենթադրյալ «անվտանգ գոտին»հենց այն հատվածն է, որով Թուրքիան ցամաքային կապ է պահում Սիրիայի զինյալների հետ, դրանից արևելք և արևմուտք ընկած հատվածները (քարտեզում նշված է կանաչ գույնով) արդեն քրդերի ազդեցության տակ են:
PYD-ն ԻՊ դեմ պայքարում նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հիմնական դաշնակիցներից է և վերջերս հենց այս խմբին էր հասել ԱՄՆ-ի ուղարկած սպառազինությունը (ԱՄՆ-ն նշում էր, թե դա պատահական է եղել, որպեսզի չսրեր հարաբերությունները Թուրքիայի հետ)։ Սակայն Թուրքիան այս խմբավորմանը դիտարկում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թև ու պնդում է, որ վերջիններիս հետ ևս չի կարելի համագործակցել՝ որպես ահաբեկչական խմբավորում։
Թուրքիան մտավախություն ունի, որ սիրիաբնակ քրդերի անջատողական շարժումը կներթափանցի իրենց երկիր ու Թուրքիայի բնակչության 20 տոկոսը կազմող քրդերը ևս կփորձեն ստեղծել ինքնավարություն։
Թերևս սա է պատճառը, որ դեռևս անցած տարի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի ամենաթեժ շրջանում, Թուրքիայում քրդերի՝ Սիրիայում բնակվող իրենց ազգակիցներին աջակցելու ցանկացած փորձ առերեսվում էր թուրքական իշխանությունների կոշտ ճնշմանը։
Հարկ է հիշեցնել, որ Թուրքիան PYD-ին մշտապես դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև և սպառնալիք Թուրքիայի անկախությանը։ 2014-ի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ին կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և PYD-ին բացահայտորեն աջակցելու համար մեղադրել ԱՄՆ-ին:
Pingback: Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 28 | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն մինչև 60-հոգանոց ստորաբաժանում կտեղակայի Սիրիայում | Ռազմ.info
Pingback: Թուրքիան հարվածել է YPG-ի հենակետերին Սիրիայի հյուսիսում | Ռազմ.info
Pingback: Թուրքիան պատրաստ է նոր ռազմաբազաներ տրամադրել ԻՊ-ի դեմ պայքարի համար․ Էրդողան | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի քրդական ուժերի դիրքերին | Ռազմ.info