Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին աջակցելու համար Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաք է ուղարկել Փեշմերգե ուժերի երրորդ խումբը (150 հոգի). հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Փեշմերգեի մարտիկները հատուկ ինքնաթիռով ժամանել են Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի օդանավակայան, այնուհետև ավտոբուսներով շարունակել ճանապարհը դեպի Քոբանի:
Հիշեցնենք, որ 150 հոգանոց առաջին խումբը Թուրքիայի տարածքով Քոբանի է ուղարկվել 2014-ի հոկտեմբերի 28-ին, իսկ դեկտեմբերի 6-ին առաջին խմբին փոխարինել էր 106 հոգանոց երկրորդ խումբը: Զինվորների հերթափոխը պայմանավորված է զինվորների հոգնածությամբ:
Ավելացնենք, որ քրդաբնակ Քոբանի (Այն ալ-Արաբ) քաղաքը դեռևս 2014-ի սեպտեմբերից թեժ մարտերի մեջ է: Քաղաքը թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում է ու հյուսիսում սահմանակից է հենց Թուրքիային: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի հյուսիսային հատվածի համար, ինչի պատճառով էլ «Իսլամական պետությունը» մեծ ուժեր է կենտրոնացրել քաղաքի գրավման համար:
Իսլամիստների հետ քաղաքում կռվում են հիմնականում տեղի քրդերը: Թուրքիայի իշխանությունները, չնայած ամերիկյան կողմի բազմաթիվ կոչերին, տևական ժամանակ հրաժարվում էին միջանցք բացել քրդական Փեշմերգե զորաջոկատների համար, որոնց նպատակը քաղաքի քրդերին օգնության հասնելն էր:
Այս դիրքորոշումը փոխվեց միայն հոկտեմբերի 20-ին. Թուրքիան տրամադրեց այդ միջանցքը՝ պայնամով, որ դրանով փոխադրվի միայն կենդանի ուժ՝ առանց զենքի։
Pingback: Թուրքիայում ոստիկանները կանգնեցրել են Քոբանի անցնել փորձող քրդերին | Ռազմ.info
Pingback: Քրդական Փեշմերգեի 4-րդ խումբն է մեկնում սիրիական Քոբանի | Ռազմ.info