Դաղստանում չեզոքացված զինյալը վերադարձել էր Սիրիայից

Հոկտեմբերի 6-ին վաղ առավոտյան ՌԴ Դաղստանի հանրապետության Կիզիլյուրտի շրջանի Կիրովաուլ գյուղում անձնագրերի ստուգման ժամանակ ոստիկանների ուղղությամբ զինյալները կրակ են արձակել, ինչի հետևանքով սպանվել են ուժայիններից երկուսը, ինչպես և հարձակվողներից մեկը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուժայինները 7 զինյալի դիեր են հայտնաբերել Դաղստանի մեկ այլ Վրեմեննիյ Ունցուկուլսկի շրջանի բնակելի տներից մեկում, որտեղ անցած շաբաթ հատուկ գործողություն էր իրականացվել։

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս»  լրատվական գործակալությունը։ «Ռոսսիսկայա գազետան» էլ հավելում է, որ Կիրովաուլում չեզոքացված զինյալի ինքնությունն արդեն հայտնի է. 29-ամյա Ալիդիբիր Ասլուդինովը միջազգային հետախուզման մեջ էր Սիրիայի տարածում «ապօրինի զինված խմբավորումներին անդամակցելու համար»։ Ըստ աղբյուրի՝ նա վերջերս է վերադարձել Սիրիայից, որտեղ սովորել է պայթուցիկներով աշխատել։ Վերադարձի նպատակն է եղել պայքարը շարունակել տեղի զինված խմբավորումների կազմում։ Միջադեպի մանրամասները պարզում է դեպքի վայրում աշխատող հետաքննչական խումբը։

Նկատենք, որ դեռևս 2013թ. ամռանից ՌԴ ՆԳՆ-ն տեղեկություններ է հրապարակում Սիրիայից վերադարձած դաղստանցի զինյալների մասին։ Այդ ժամանակ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորոտնիկովը հայտարարել էր, թե Սիրիայի ապստամբների շարքերում մարտնչում են Ռուսաստանի մոտ 200 քաղաքացիներ։ Հետաքրքիր է, որ 2013-ի հուլիսին ոչնչացված դաղստանցի զինյալը, ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն, հուլիսին Դաղստան էր վերադարձել Ադրբեջանի տարածքով՝ հասնելով Խասավյուրտի շրջան։

4 responses to “Դաղստանում չեզոքացված զինյալը վերադարձել էր Սիրիայից

  1. Pingback: Դաղստանում ևս 3 զինյալ է սպանվել | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 6-11 | Ռազմ.info

  3. Pingback: Դաղստանում զինյալները սպանել են ոստիկանության աշխատակցի | Ռազմ.info

  4. Pingback: Դաղստանում սպանված 3 զինյալը մեկնելու էին Սիրիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *