Հոկտեմբերի 16-ի առավոտյան Դաղստանի Դերբենդ քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ, որից հետո ուժային կառույցների ներկայացուցիչները հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացրել են բազմաբնակարան շենքում թաքնված երեք զինյալների։
Այս մասին հայտնում են ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
Ինչպես ավելի ուշ հայտարարել է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի մամուլի ծառայությունը, սպանված զինյալները նախատեսել էին մեկնել Սիրիա և կռվել իսլամիստ ծայրահեղականների համար։ Հայտնի է նաև, որ այդ զինյալները զինված խմբավորումների անդամներ են եղել և ծրագրել են ահաբեկչական գործողություն։ Զինյալների մասին անձնական տվյալներ հակաահաբեկչական կոմիտեն չի հայտնում։
Բաց աղբյուրներում առկա տեղեկություններից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 6-16-ն ընկած ժամանակահատվածում Դաղստանում զինված ընթարումների արդյունքում զոհվել է 14 մարդ, որից 11-ը զինյալ, 3-ը՝ ուժային կառույցներից։
Հոկտեմբերի 6-ին Դաղստանի գյուղերից մեկում անձնագրերի ստուգման ժամանակ բռնկված փոխհրաձգության հետևանքով սպանվել էին ուժայիններից երկուսը, ինչպես և հարձակվողներից մեկը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուժայինները Դաղստանի մեկ այլ շրջանի բնակելի տներից մեկում, որտեղ անցած շաբաթ հատուկ գործողություն էր իրականացվել, հայտնաբերել էին ևս 4 զինյալի դի։
Հոկտեմբերի 8-ի գիշերը ոստիկանության ստուգումների ժամանակ փոխհրաձգության արդյունքում ոչնչացվել էր 3 զինյալ։
Հոկտեմբերի 11-ին Դաղստանի Գուբդեն գյուղում զինյալները կրակել են ոստիկանության աշխատակցի ուղղությամբ։ Վերջինս տեղում մահացել է։
Հավելենք նաև, որ Դաղստանի մի քանի գյուղում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարված։