Դաղստանում ևս 3 զինյալ է սպանվել

Լույս հոկտեմբերի 8-ի գիշերը Դաղստանում ոստիկանության ստուգման ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները ոչնչացրել են 3 զինյալի։

Նկարը՝ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի

Նկարը՝ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի մամուլի ծառայությանը։

Իրավապահ մարմինները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, որի ժամանակ էլ մեքենայից կրակել են իրավապահների ուղղությամբ։ Աշխատակիցների և այլ քաղաքացիների թվում կորուստներ չկան։

Ենթադրվում է, որ փոխհրաձգության ժամանակ սպանված զինյալներին այսպես կոչված «բալախանինյան զինված խմբավորման» անդամներ են։

ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեի օպերատիվ տվյալների համաձայն՝ սպանված զինյալները հետախուզման մեջ են եղել և առնչություն են ունեցել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ իրավապահների կյանքի նկատմամբ ոտնձգության, քաղաքացիական անձանց սպանության, կրոնական գործունեության և այլ հանցանքների հետ։

Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել են 3 ինքնաձիգ, 2 նռնակ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև ավելի քան 600 փամփուշտ։

Տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին, Դաղստանի գյուղերից մեկում անձնագրերի ստուգման ժամանակ բռնկված փոխհրաձգության հետևանքով սպանվել էին ուժայիններից երկուսը, ինչպես և հարձակվողներից մեկը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուժայինները 7 զինյալի դիեր են հայտնաբերել Դաղստանի մեկ այլ շրջանի բնակելի տներից մեկում, որտեղ անցած շաբաթ հատուկ գործողություն էր իրականացվել։

Հավելենք նաև, որ Դաղստանի 5 գյուղում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *