Ադրբեջանի զինուժը կորուստ ունի առաջնագծում։ Աֆղանստանում ծառայող ադրբեջանցի խաղաղապահների պլանային ռոտացիա։ Ադրբեջանի ՊՆ կատարած աշխատանքի ամփոփում՝ հունվար-սեպտեմբեր ամիսների համար։ Լիտվայի պշտպանության նախարարը Ադրբեջանում։ Նոր ղեկավար Ադրբեջանի ՊՆ միջազգային համագործակցության վարչությունում։ Ադրբեջանում ականազերծվել է 1,7քկմ տարածք։ «Իսլամական պետություն» խմբավորման ադրբեջանցի մարտիկներն ու Ադրբեջանը։ Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի ղեկավարությունն առաջնագծում։ Ադրբեջանում խստացնում են զինծառայողների՝ երկրից դուրս գալու պայմանները։
— Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1990-ին ծնված Ահմադով Թուրալ Մահերրամ օղլուն, մարտական հենակետում։ Սա ադրբեջանական զինված ուժերի առաջին զոհն է հոկտեմբեր ամսվա ընթացքում:
— Հոկտեմբերի 10-ին Ադրբեջան են վերադարձել Աֆղանստանում ՆԱՏՕ ուժերի հետ համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող 23 ադրբեջանցի զինծառայողներ, որոնց փոխարինել է մինչ այդ՝ հոկտեմերի 8-ին Աֆղանստան ժամանած ադրբեջանցի զինծառայողների 23-հոգանոց մեկ այլ խումբ։ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, այդ թվում՝ երկու բժիշկ ու ինժեներական զորքերի 2 սպա, պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։
— Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ երկրի բարձրաստիճան զինվորականներն ամփոփել են նախարարության ու զինված ուժերի՝ 2014-ի առաջին ինն ամիսներին կատարած աշխատանքների արդյունքները։
— Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում հանդիպել են Լիտվայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների ղեկավարած պատվիրակությունները։ Նախարարները զրուցել են բալթյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում անվտանգության ու միջազգային առաքելություններում ադրբեջանցի զինծառայողների խնդիրների մասին: Խոսք է եղել նաև Արցախյան հակամարտության վերաբերյալ: Լիտվայի ՊՆ Յուոզաս Օլեկասն իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովին առաջարկել է զինծառաողներ ուղարկել նաև Լիտվայում անցկացվող միջազգային զորավարժություններին մասնակցելու համար, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել ռազմական կրթության, ինչպես նաև բարեփոխումների անցկացման ոլորտներում խորհրդատվության ու փորձի փոխանցումը ադրբեջանցիներին:
Ավելացնենք, որ Լիտվայի ու Ադրբեջանի փոխադարձ հանդիպումներն ու այցելություններն ակտիվացել են վերջերս։ Մասնավորապես հոկտեմբերի 4-ին Լիտվայում հանդիպել են Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն և Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասը։
— Հոկտեմբերի 9-ին փոխվել է Ադրբեջանի ՊՆ միջազգային համագործակցության վարչության ղեկավարը։ Վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը մինչ այս Բրյուսելի ՆԱՏՕ-ի գրասենյակում Ադրբեջանի՝ ռազմական գծով ներկայացուցիչն է եղել:
— Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտնել է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում ականազերծման աշխատանքներ է կատարել, որոնց ընթացքում 131 միավոր ական ու չպայթած զինամթերք է հայտնաբերել։ Ամսվա ընթացքում գործակալությունն ականազերծել է ընդհանուր 1,7քկմ տարածք՝ Հայաստանին սահմանակից Աղդամի, Աղստաֆայի, Ֆիզուլիի, Ղազախի ու Տերտերի շրջաններում, ինչպես նաև Բաքվի մոտակա Սանգաչալ գյուղում։ Ականազերծման աշխատանքներին մասնակցել է մոտ 600 հոգի։
— Համացանցում ԻՊ ծայրահեղական խմբավորման ադրբեջանցի մարտիկների մասին շարունակվում են տեսանյութեր տեղադրվել։ Դրանցից ամենաթարմը ներկայացնում է Քոբանիի մարտերին մասնակցող ծայրահեղականի, որը խոսում է ադրբեջաներեն։ Ադրբեջանի փորձագիտական շրջանակում նշում են, որ խմբավորման կազմում մարտնչող ադրբեջանցիները ստանում են զենք-զինամթերք, փորձ ձեռք բերում, կապեր հաստատում։ Ու երբ նրանք Ադրբեջան վերադառնան, կարող են լուրջ գլխացավանք դառնալ իշխանությունների համար։ Ադրբեջանը նաև տարանցիկ ուղի է ԻՊ խմբավորման կովկասցի մարտիկների տունդարձի համար։
Նշենք, որ ապրիլին ադրբեջանական ոստիկանության տվյալների համաձայն Սիրիայում ԻՊ խմբավորման կազմում կռվում էին Ադրբեջանի հարյուրից ավելի քաղաքացիներ, իսկ տեղական ANSPress գործակալությունը տեղեկություններ էր հրապարակել ծայրահեղական խմբավորման կազմում ադրբեջանցիների առանձին ստորաբաժանման ստեղծման մասին։ Սեպտեմբերի կեսերին ադրբեջանական իշխանությունները ձերբակալեցին 26 քաղաքացու, որոնք կասկածվում են երկրի սահմաններից դուրս իսլամիստական զինված խմբավորումներին անդամակցելու համար։
— Ղուրբան Բայրամ մուսուլմանական տոնի կապակցությամբ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի՝ Արցախին սահմանամերձ Ֆիզուլու շրջանի զորամաս են այցելել տեղի գործադիր իշխանության ղեկավար Ալի Ալիևը, այլ պաշտոնատար անձինք և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հյուրերը հանդիպել են զորամասի հրամանատարական կազմի, սպաների և շարքային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալական պայմաններին։
Նշենք, որ Ադրբեջանում ԶՈւ զորամասեր նման այցելություններն առավել հաճախակի են դարձել և մամուլում ավելի հաճախ են լուսաբանվում 2013թ. հոկտեմբերի վերջին Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։
” Ադրբեջանցի զինծառայողները երկրից դուրս գալու իրավունք կունենան միայն կառավարության համապատասխան մարմնի թույլտվությունից հետո։ Այս մասին օրինագիծը Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված է քննարկել հոկտեմբերի 17-ին։
Վերափոխված օրենքի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի բոլոր զինծառայողները, այդ թվում՝ միջազգային վարժանքների, հակաահաբեկչական ու փրկրարական գործողությունների մասնակիցները, կառավարական համապատասխան ատյանից հատուկ թույլտվություն պիտի ստանան երկրից դուրս գալու համար։ Օրենքը չի տարածվելու միայն արտասահմանյան երկրներում Ադրբեջանը ներկայացնող զինվորական ատաշեների, ռազմական ներկայացուցիչների ու նրանց օգնականների վրա։
Ռազմաշաբաթը նաև` Հայաստանում