Սիրիա. իսլամիստները մտել են քրդաբնակ Քոբանիի արվարձան, մարտերը շարունակվում են

Մոտ երեք շաբաթ է, ինչ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները գրոհում են Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից Քոբանի քրդաբնակ քաղաքը։ Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտնի է դարձել, որ զինյալներին հաջողվել է քաղաքի արևելյան արվարձանի շինություններից մեկի վրա բարձրացնել իրենց դրոշը։

ԻՊ-ի դրոշը՝ Քոբանիի արևելյան հատվածում

ԻՊ-ի դրոշը՝ Քոբանիի արևելյան հատվածում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, տեղի քուրդ ինքնապաշտպանական ջոկատները հայտարարել են, որ զինյալներին դեռևս չի հաջողվել հասնել քաղաքի կենտրոն։ Ինչ վերաբերում է տեղադրված դրոշին, ապա այն երևում է Թուրքիայի սահմանից։ Քոբանիի ներսից իրավիճակը լուսաբանող լրագրող Իսմայիլ Էսքինը «Ռոյթերսին» հաստատել է, որ զինված քրդերը պաշտպանում են քաղաքի կենտրոնական թաղամասները, ներկայումս մարտերը շարունակվում են։ Աղբյուրը վկայում է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդային հարվածները չեն կարողացել կասեցնել իսլամիստների առաջխաղացումը, որոնք ավելի վաղ շրջափակել էին Քոբանին երեք կողմից ու մինչ օրս հրետակոծում են քրդերի դիրքերը։

Բրիտանական The Daily Mail պարբերականն էլ հայտնում է, որ Քոբանիում զինյալներն արդեն 2 դրոշ են բարձրացրել, երկուսն էլ՝ արևելյան հատվածում։

Նկատենք, որ Քոբանիում ինքնապաշտպանությունը ղեկավարում է Քրդական դեմոկրատական միություն (PYD) կուսակցությունը և վերջինիս ռազմական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG)։ Վերջին օրերին զինյալների ակտիվ գրոհների հետևանքով Քոբանիի խաղաղ բնակիչները հարկադրված օգնություն են հայցել հարևան Թուրքիայից. oգնության խնդրանքները մինչ այժմ անպատասխան են մնացել։

Տեղեկությունը հաստատում է CNN լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ քրդական ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարները փաստել են՝ կռվելու են մինչև վերջ ու չեն պատրաստվում հեռանալ քաղաքից։

Քոբանիի մարտերը՝ լուսանկարված թուրքական կողմից

Քոբանիի մարտերը՝ լուսանկարված թուրքական կողմից

Թուրքական լրատվադաշտի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունն իր հերթին սկսել է ամրացնել Քոբանիի հետ սահմանային հատվածը։ Քոբանիին սահմանակից թուրքական Շանլըրֆա քաղաքի գործադիր իշխանության որոշմամբ՝ այդ հատվածում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարները հեռացվել են՝ հարկ եղած դեպքում սպառազինություն և կենդանի ուժ կուտակելու համար։ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է Շանլըրֆա՝ հավանական պաշտպանական գործողությունները համակարգելու նպատակով։ Թուրքական զինուժը սահմանին արդեն մոտեցրել է  զրահատեխնիկա։

Վերջին տվյալներով՝ մարտերն ընթանում են քաղաքի տարբեր թաղամասերում։ Մարտերի ընթացքում սպանվել են 16 քուրդ, 27 զինյալ։

Թուրք զինծառայողները հետևում են Քոբանիում ծավալվող իրադարձություններին սահմանից

Թուրք զինծառայողները հետևում են Քոբանիում ծավալվող իրադարձություններին սահմանից

Քրդական դեմոկրատական միություն (PYD) կուսակցությունը ձախակողմյան խմբավորում է, այն 2003-ին հիմնել են Սիրիայում բնակվող քրդերը։ 2012-ի հուլիսի 12-ից ի վեր՝  PYD-ն Սիրիայում քրդաբնակ շրջանների ժամանակավոր կառավարության մի մաս է։ Ի տարբերություն մյուս քրդական ազգային շարժումների՝ PYD-ն կողմ չէ Սիրիայի քրդաբնակ հատվածի լիարժեք զատմանը, այլ սատարում է Սիրիայի կենտրոնական իշխանության պայմաններում լայն իրավունքներով ինքնավար քրդական պետական միավորման ստեղծման գաղափարին։ PYD-ի այսպես կոչված ռազմական թևը Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն են՝ YPG-ն։ 2012-ի հուլիսի տվյալներով՝ YPG-ի կազմում մարտնչում են 4-5 հազար զինված քրդեր։ YPG-ի հաջող մարտական  գործողությունների վերաբերյալ լուրեր են սկսել հրապարակվել 2013-ի ամռանից, երբ քրդերին հաջողվել էր կասեցնել զինյալների առաջխաղացումը դեպի թուրք-սիրիական սահման՝ Հալեպի նահանգի Արթմա գյուղ:

2014-ի հոկտեմբերին այս քրդական խմբավորման մամուլի ծառայությունը փոխանցել էր՝ իրենք զինյալներից ազատագրել են 4 սիրիական գյուղ և կոչ են անում Սիրիայի տարածքում բնակվող բոլոր քրդերին միանալ ու ազատել Սիրիան «ալ Կաիդայի» հարձակումներից:

3 responses to “Սիրիա. իսլամիստները մտել են քրդաբնակ Քոբանիի արվարձան, մարտերը շարունակվում են

  1. Pingback: ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիան Սիրիայից ցանկացած հարձակման դեպքում. Ստոլտենբերգ | Ռազմ.info

  2. Pingback: Էրդողանը կանխագուշակում է Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի անկումը | Ռազմ.info

  3. Pingback: Տվյալներ են հաղորդվել «Փեշմերգե» զորաջոկատների մարտիկների զոհերի վերաբերյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *