Իրանը ևս 3 արբանյակներ է բաց թողնելու տիեզերք

Մինչև 2016-ի մարտը Իրանը տիեզերք է բաց թողնելու սեփական արտադրության 3 արբանյակ, որոնք նախատեսված են Երկրի մակերևույթը տեսանկարահանելու, տեղագրական քարտեզներ կազմելու համար: Այս մասին, ըստ իրանական Fars լրատվական գործակալության, հայտնել է Իրանական տիեզերական գործակալության տնօրենի տեղակալ Համիդ Ֆազելին:

Պաշտոնյայի խոսքով՝ տեղական արտադրության Zafar, Tolou ու AUT արբանյակները բաց են թողնելու 2015թ. մարտից մեկ տարվա ընթացքում (իրանական թվարկությամբ՝ հաջորդ տարի):

Արբանյակներից առաջինը՝ Zafar-ը, կախված է լինելու Երկրից 36 հազար կմ հեռավորության վրա նույն կետում (գեոստացիոնար ուղեծրում) ու լուսանկարելու է Երկրի մակերևույթը: Այն աշխատելու է մեկ ու կես տարի:

Տեղագրական քարտեզի օրինակ

Տեղագրական քարտեզի օրինակ

Tolou արբանյակը Երկիրը նկարելու է 500 կմ բարձրությունից՝ պտտվելով հասարակածի շուրջը: Արբանյակն իր լուսանկարներն ուղարկելու է Երկիր, որտեղ դրանց հիման վրա պատրաստելու են տեղագրական քարտեզներ: Այս արբանյակի աշխատանքի մասին այլ տեղեկություններ չեն տրվում:

Իրանի բաց թողնելիք երրորդ արբանյակը՝ AUT-ը, կապի արբանյակ է:

Իրանական տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին հայտնել է նաև, որ կարճաժամկետ ապագայում նախատեսում են բաց թողնել ևս երկու արբանյակներ՝ Sharifsat ու Nahid անվանումներով: Սրանց նպատակների ու աշխատանքային ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Ավելացնենք, որ Իրանն այն եզակի երկրներից է, որոնք կարողանում են ոչ միայն սեփական միջոցներով արբանյակներ արտադրել, այլև դրանք տիեզերք ուղարկել: Մինչ այս Իրանը տիեզերք է բաց թողել մի քանի այլ արբանյակներ՝ հիմնականում կարճ աշխատանքային ժամկետներով: Մասնավորապես 2009-ին Իրանը սեփական կրող հրթիռով բաց է թողել առաջին արբանյակը, որի նպատակը, ըստ իրանցիների, Երկրի մթնոլորտի հետազոտությունն էր: Այն աշխատեց մոտ մեկ ամիս:

Հետագայում Իրանը բաց թողեց ևս երկու արբանյակ, որոնցից առաջինի խցիկում տեղավորել էին կենդանիներ: 2010-ին բաց թողնված արբանյակի նպատակը տիեզերական տարածությունում կենդանիների վարքի ուսումնասիրությունն էր: Երկրորդ արբանյակը, որը բաց թողնվեց 2011-ին, կրում էր փորձնական խցիկ: Ենթադրաբար իրանցիները փորձում էին խցիկը, որպեսզի հետագայում դրանով կարողանան մարդ ուղարկել տիեզերք:

Արևմտյան որոշ երկրներ Իրանին բազմիցս մեղադրել են, որ իր տիեզերական ծրագիրը ռազմական խնդիրներ լուծելու համար է, սակայն Իրանը մշտապես հերքել է այս մեղադրանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *