32 հոգանոց խաղաղապահ զորախումբ Լիբանանում: Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարը: Ադրբեջանը հանձնել է սահմանն անցած Սարգիս Անանյանին։
-Հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատ կմեկնի Լիբանան առաքելության: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին։
-Սեպտեմբերի 24-ին մեկօրյա աշխատանքային այցով Երևան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Սեյրան Օհանյանն ու Իրակլի Ալասանիան քննարկել են ռազմական ոլորտում երկու հարևան պետությունների երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:
-Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել այս տարվա օգոստոսին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջան անցած Սարգիս Նորիկի Անանյանին։ Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշել է, որ գերու հանձնումն ընթացել է առանց միջադեպերի ԿԽՄԿ-ի միջնորդության պայմաններում հայ-ադրբեջանական սահմանագծին (Իջևան-Ղազախ)։
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի անկախության տոնի առթիվ ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը պարգևատրվել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Արցախյան ազատամարտի մասնակից Ռազմիկ Արամի Պապիկյանն էլ պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
-Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ամփոփվեցին վերանայման գործընթացի երկրորդ փուլի արդյունքները և համաձայնեցվեցին Հայաստանի պաշտպանության ռազմավարական պլանավորման նկատառումները:
-Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը սահմանին նորից անհանգիստ էր։ Հակառակորդն արդեն քանի օր խախտում էր հրադադարի ռեժիմն ու դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր արել։ Մարտական այդ դիրքի վրա տարվա սկզբին հարձակման փորձ էր եղել: Ռազմինֆոյի ռեպորտաժը Պաշտպանության բանակից այստեղ:
-Շնորհակալություն Ձեզ` Հայրենիքին նվիրված ու կարգապահ որդի դաստիարակելու համար: Այսպիսի տողերով շնորհակալագրեր Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանից Գեղարքունիքի և Տավուշի մարզի տասնյակ ծնողներ ստացան: Զինծառայողների ընտանիքների հետ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հանդիպման մանրամասներն ու ֆոտոշարքը ռեպորտաժում:
Ռազմաշաբաթը նաև`