Խաղաղության գինն այստեղ է որոշվում. Ռազմինֆոյի այցը դիվերսիան հետ մղած մարտական դիրք (ֆոտո)

Նայեք, որտեղ ասֆալտ կա ճանապարհներին, ադրբեջանական գյուղ է եղել, իսկ որտեղ չէ՝ հայկական։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Ասրյանն է։ Մարտական դիրքեր գնալու ճանապարհին ցույց է տալիս սահմանամերձ լքված գյուղերն ու ասում.

ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Ասրյան

ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Ասրյան

«Այս հատվածն էլ ուղիղ նշանառության տակ է, տեսեք հողաթմբերի միջոցով փորձել ենք անվտանգ շարժն ապահովել դեպի դիրքեր»։

Ավտոմեքենայի ընթացքից ճանապարհին փոշու ամպ է գոյանում, իսկ օգոստոսյան տապին առանց քամու այդ ամպն ավելի երկար է պահպանվում։

«Հանգիստ ժամանակ 15 րոպե է պահանջվում, որ հասնենք դիրքեր, իսկ պատկերացնում եք, թե ինչ արագությամբ ենք մենք այնտեղ հասնում, երբ ինչ-որ բան է պատահած լինում»,- պատմում է գնդապետը։

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիեշրվա դիվերսիան հետ մղած զինծառայողները ՊԲ հրամանատարի հետ

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիեշրվա դիվերսիան հետ մղած զինծառայողները ՊԲ հրամանատարի հետ

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը սահմանին նորից անհանգիստ էր։ Հակառակորդն արդեն քանի օր խախտում էր հրադադարի ռեժիմն ու դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր արել։ Մարտական այդ դիրքի վրա տարվա սկզբին հարձակման փորձ էր եղել։ Թշնամուն իր ծառայակիցների հետ հակահարված էր տվել կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն ու զոհվել թշնամու գնդակից։

Ամիսներ անց հակառակորդը որոշում է դարձյալ հարվածել նույն կետին։

Բարձրանում ենք այդ նույն դիրքը, ամեն ինչ ժամանակավոր «խաղաղության» մեջ է՝ դիվերսիայի մասին հուշում են արյան դեռ թարմ հետքերը, ոտնահետքերն ու անթիվ պարկուճները։

հակառակորդի արյան հետքերը

Հակառակորդի արյան հետքերը

«Ավտոմատ նռնականետեր կային այստեղ, որ դեռ չէին հասցրել կիրառել, մեկանգամյա օգտագործման «Մուխա» նռնականետերից էլ 8 անգամ կրակել էին, դեռ տեղերը երևում են։ Այստեղ թողել էին նաև ձեռնաշղթաներ, որից մենք եզրակացնում ենք, որ զինծառայողներին գերևարելու համար էին բերել»,- շարունակում է գնդապետ Ասրյանն ու պատմում տարիներ ձգվող պատերազմի հերթական մարտի մասին։

«Վաշտի հրամանատարը գիշերային նշանառման սարք ուներ իր ինքնաձիգի վրա դրված, երբ նկատել են եկող մարդկանց, միանգամից 2 հոգու խոցել է, որից հետո իրեն են խոցել։ Վաշտի հրամանատարին խոցելուց հետո մեր գնդացրորդն է սկսել մարտը վարել, մեր սերժանտն է ծանր վիրավորվել։ Իսկ թիկունքում՝ հրամանատարական դիտակետում, մեր ավագ լեյտենանտ Խալաթյան Հայկն է եղել մի քանի պայմանագրային զինծառայողի հետ։ Հակառակորդի կրակից այստեղ հրդեհ է առաջացել, որի ժամանակ այդ լույսի տակ տեսել են բաց դաշտում հակառակորդի խմբին ու սկսել են մաղել։ Եթե հակառակորդը գրոհեր այդ զինատեսակներով, դժվար կլիներ դիմագրավել։ Մտածել են, որ դարանի մեջ են ու խուճապի են մատնվել։ Այսինքն՝ մյուս վաշտի հրամանատարն իր քայլով փրկել է մերոնց»,- հիշում է Ասրյանը։

հրամանատարի ձեռքում կրակված փամփուշտների պարկուճներից է

հրամանատարի ձեռքում կրակված փամփուշտների պարկուճներից է

Հակառակորդը հասցրել է թափել զենքերն ու իրենց դիակները տարել հետ։ Մարտի դաշտում պիտի հետք չթողնել, իսկ ամենամեծ հետքը հենց դիակն է։
Ադրբեջանում ակտիվորեն հերքում են, որ թողած զենքերն իրենցն են, սակայն հայկական սպառազինությունում նման զենքեր չկան։

Դիտարկման պահն է

Դիտարկման պահն է

«15 րոպեից հասել էինք այստեղ։ Այնտեղից գոռալով գալիս էինք՝ Զորի՜կ, Զորի՜կ, զինվորները պատասխանում էին՝ հա, նորմա՞լ է ամեն ինչ՝ հա (նկատի ունեին, որ դիրքը չեն տվել, հետ չեն եկել)։ Մտածեցինք, որ վաշտի հրամանատարը կենդանի է, բայց եկանք, տեսանք, որ զոհվել է։ Ում փորձում էինք օգնել, ասում էր՝ էն մյուսին օգնեք, նույնիսկ Սարգիսը, ով ամենածանր վիրավորն էր, ասում էր՝ մյուսին օգնեք»,-  պատմությունը շարունակում է օգնության հասած հրամանատարը։
Զինծառայողների համար հիմնական կարևոր սկզբունքը մարտունակությունն է, այսինքն՝ արհեստավարժությունը, որ կարողանան մարտ վարել։ Բայց դրան զուգահեռ կարևոր են նաև ինժեներական կառույցները։ Ու հիմա էլ ավելի են ամրացրել ու կահավորել դիրքը։

Վերադառնում ենք զորամաս, զրուցում դիվերսիան հետ մղած տղաների հետ։ Այդ օրը Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նրանց պարգևատրել էր տարբեր մեդալներով։ Անկեղծանում են՝ ավելի լավ էր՝ մեր ընկերները մեզ հետ լինեին ու այս մեդալներն էլ չլինեին։

Դիվերսիան հետ մղած զինծառայողները

Դիվերսիան հետ մղած զինծառայողները

«Ձեզ թվում է՝ մենք այս մեդալներից ուրախանո՞ւմ ենք։ Իհարկե՝ ոչ»,- իրենց ընկերներից Արմեն Հովհաննիսյանի խաչքարի մոտ գնալով պատմում են տղաները։

«Իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, առանց խուճապի, խուճապի մատնվեցիր, հաջողության չես հասնի։ Ատելությունն օգնում է ավելի համարձակ լինես»,- ասում են արդեն մեկ տարի ծառայող տղաները։

Մարտական դիրքում

Մարտական դիրքում

Առաջին անգամ էր, որ տղաները դիրքերում են եղել ու իրավիճակի կտրուկ սրում է եղել։

«Յուրաքանչյուր անգամ երբ դիրք էին բարձրանում մեր վաշտի հրամանատարը՝ Զորիկ Գևորգյանը, մեզ ասում էր զգոն եղեք, մեզ համար եղբայր էր ինքը։ Շատ էինք իրեն սիրում։ Երբ պառկում էի, անընդհատ այդ տեսարաններն իմ աչքի առաջ էին։ Չգիտեմ էլ՝ ինչ-որ մեկին սպանել եմ, թե՝ չէ։ Չեմ հիշում արդեն։ Այսքանը… »,- «Գարեգին Նժդեհ» մեդալին նայելով՝ պատմում է Նորայր Ավետիսյանը։

Բաժանման ժամն է, տղաներն իրենց ընկերուհիներին ասում են՝ սպասեք մեզ, իսկ մարտական դիրքում իրենց հրաման է տրված՝ դիրքը չհանձնել, ինչ գնով էլ որ լինի…. նրանց ընկերներն արդեն 2-րդ անգամ չհանձնեցին հակառակորդի համար այդքան բաղձալի դիրքը…

Մեզնից այն կողմ

Մեզնից այն կողմ

Վերադարձի ճանապարհին զինծառայող տղաներից մեկի խոսքերն էինք հիշում.

«Թիկունքում խաղաղության մասին եք խոսում, իսկ խաղաղության գինն այստեղ է որոշվում, հենց ձեր կանգնած տեղում։ Լավ նայեք, որ քաղաքում դրա մասին չմոռանաք»։

Տեղեկացնենք, որ Պաշտպանության բանակի մարտական այդ դիրք Ռազմինֆոն այցելել էր «Հետք» պարբերականի և ՊԲ-ի համատեղ ծրագրի շրջանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *