Թուրքական ու հարավաֆրիկյան ռազմարդյունաբերական ընկերությունները կհամագործակցեն

Թուրքական «Ասելսան» (Aselsan) և հարավաֆրիկյան «Փարամաունթ» (Paramount) ընկերությունները սեպտեմբերի 17-ին համագործակցության հուշագիր են ստորագրել ՀԱՀ-ում անցկացված «Աֆրիկյան աերոտիեզերական ու պաշտպանական» (ADD) ցուցահանդեսի  ժամանակ։  

Թուրքական և հարավաֆրիկյան կողմերը նշել են, որ համաձայնագրի ստորագրումով նախատեսում են «զարգացնել համագործակցությունն առկա շուկաներում և ընդլայնել դրանք Աֆրիկայում և ամբողջ աշխարհում», փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Թուրքական «Ասելսան» պետական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է նաև Միացյալ Նահանգներ և այլ պետություններ։

Վերջին շրջանում թուրքական ընկերությունն ակտիվորեն արտասահմանյան գործընկերներ է փնտրում։ Այսպես, 2014-ի մայիսին Բեռլինում կայացած ILA-2014 ավիացուցահանդեսի ընթացքում «Ասելսանը» պայմանագրեր է կնքել եվրոպական Airbus կոնցերնի և բրիտանական Rolls Royce ընկերության հետ։ Դեռևս 2013-ի դեկտեմբերին Թուրքական «Ասելսանը» և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝  Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), բացել է իր առաջին գործարանը Ղազախստանում։

Նկատենք, որ Paramount Group ընկերության տրամադրած մարտական հանգույցներով 2009-ից Ադրբեջանում հավաքվում են «Մատադոր» և «Մարադյոր» զրահամեքենաներ։ Համաձայն «Ռուսաստանյան զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի զեկույցի՝ 2011-ից Ադրբեջանում  հավաքել են 30-ական միավոր նշված զրահամեքենաներից։

Տեղեկացնենք, որ Paramount Group-ը Kazakhstan Engineering և Kazakhstan Engineering Distribution ղազախստանյան ընկերությունների հետ Ղազախստանի տարածքում զրահամեքենաների հավաքման գործարան է կառուցում, որին վերաբերող պայմանագիրը կնքվել է 2013-ին։

Հարավաֆրիկյան ընկերությունը և ադրբեջանական AirTechServices Corporation ընկերությունները 2014 թվականի սեպտեմբերի 12-ին Բաքվում ընթացող ADEX 2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում համաձայնագիր են կնքել՝ համատեղ Paramount Aerospace Azerbaijan ընկերության ստեղծման համար։ Ստեղծվելիք ընկերությունը զբաղվելու է ուղղաթիռների և անշարժ թևերով թռչող սարքերի (ինքնաթիռների որոշ տեսակներ) վերանորոգմամն ու արդիականացմամբ։

4 responses to “Թուրքական ու հարավաֆրիկյան ռազմարդյունաբերական ընկերությունները կհամագործակցեն

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է Ղազախստանի դեսպանին | Ռազմ.info

  2. Pingback: Ղազախստանը քննարկում է թուրքական զրահամեքենաներ արտադրելու հարցը | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիան 3,6 մլն դոլարի ռազմական արտադրանք է վաճառելու Ղազախստանին | Ռազմ.info

  4. Pingback: Ղազախստանը հայտարարում է Թուրքիային թուրքական տեխնիկա վաճառելու մաիսն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *