Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ընդունել է երկրում Ղազախստանի դեսպան Ժանսեիտ Թույմեբաևին: Կողմերը քննարկել են մասնավորապես Թուրքիայի և Ղազախստանի ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայման հարցեր: Այս մասին փետրվարի 13-ին հայտնում է Ղազախստանի արտգործնախարարության կայքը:
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ Ղազախստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները Թուրքիայի ռազմամարզական կենտրոններում ղազախստանցի զինվորականների մարզումներն ու վերապատրաստումներն են և ղազախական ռազմական ստորաբաժանումների զինումը՝ որպես աջակցություն Ղազախստանում ընթացող ռազմական բարեփոխումների գործընթացին:
Նշենք, որ Ղազաղստանի և Թուրքիայի միջև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության վառ օրինակ է Թուրքական «Ասելսան» և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), որը հիմնադրվել է 2013-ի դեկտեմբերին:
Միջկառավարական համաձայնագրերի համաձայն՝ ղազախստանցի զինվորականներն այսօր Թուրքիայում մարզումներ են անցնում «Կոմանդոս», «Հատուկ նշանակության ստորաբաժանումներ», «Դիպուկահարների վերապատրաստում», «Ներքին անվտանգություն», ինչպես նաև աերոմոբիլային զորքերի ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում:
Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնել են էլ ավելի խորացնել առկա սերտ համագործակցությունը: