ԱՄՆ-ն առաջին անգամ կիրառել է իր F-22 Raptor կործանիչները մարտական պայմաններում Սիրիայի Ռաքքա քաղաքում և դրա մերձակայքում սեպտեմբերի 23-ին իսլամիստների դիրքերին օդային հարվածների հասցնելիս։
Այս մասին հաղորդում է ամերիկյան The Time պարբերականը, Ռաքքան համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման հիմնական հենակետերից մեկը։
Նշենք, որ ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում օգտագործելու են ռմբակոծիչներ, կործանիչներ և Tomahawk (Տոմահավք) թևավոր հրթիռներ։
Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ՝ ինչ խնդիրներ են իրականացնելու F-22 կործանիչները Սիրիայում։ Հստակ է միայն, որ օդային հարվածներ սկսել են գործարկել վաղ առավոտյան։ Գործողությանը մասնակցում են Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Նրանց մասնակցության ձևաչափը ևս դեռևս պարզ չէ։ Սիրիայի ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ իրենց նախապես տեղեկացրել են օդային հարվածների մասին։
Հավելենք, որ F-22 կործանիչը ստեղծվել է 1980-ականների կեսերին Lockheed Martin ընկերության կողմից։ Արժեքը տատանվում է 146.2 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում։ Առաջին թռիչքը կատարել է 1997-ին։ ԱՄՆ-ն այն դասում է կործանիչների 5-րդ դասին և սկսել է շահագործել ինքնաթիռը 2005-ից։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն զինված է այդ տիպի 178 միավոր կործանիչներով, իսկ թե դրանցից քանիսն է նախատեսված կիրառել Սիրիայում, չի հստակեցվում։
Անձնակազմը՝ 1 հոգի, զանգվածը՝ 19700 կգ,առավելագույն բեռնվածությունը՝ 38 000 կգ, առավելագույն արագությունը՝ 2124 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 19 812 մ։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Սիրիայում Բաշար Ասադի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։
Այս իրադարձություններից մետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։
Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։
Նշենք նաև, որ դեռևս սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ էր ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի մտցնի Իրաք «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարելու, սակայն հավանական էր համարել Սիրիայում և Իրաքում նույն իսլամիստների հենակետերին օդային հարվածներ հասցնելը։ Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ն գլխավորելու է Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի համար կազմավորված կոալիցիան, սակայն հրաժարվում է այն մտքից, որ ԱՄՆ զինծառայողները մարտնչեն այլ պետության տարածքում։ «Մենք պայքարելու ենք մեր օդուժի օգնությամբ և աջակցելու ենք մեր գործընկերներին ցամաքային գործողություններում»,-նկատել է ԱՄՆ նախագահը։ Օբաման նաև ընդգծել էր, որ իրենց գործողությունները տարբերվելու են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ իրականացրած քայլերից՝ ավելի շատ հիշեցնելով «ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները Եմենում և Սոմալիում»։
Հարկ է շեշտել նաև, որ իր՝ մոտ 15 րոպե տևած ելույթում Օբաման կրկին անդրադարձել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հերթական անգամ մեղադրանքներ հնչեցրել «սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար» (քիմիական զենքի կիրառումն Ասադի համախոհ ուժերի կողմից մինչ օրս փաստարկված չէ)՝ միաժամանակ անարդյունավետ որակելով Ասադի պայքարը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ։
Pingback: Ֆրանսիան հրաժարվել է Սիրիայում իսլամիստներին ավիահարվածներ հասցնել | Ռազմ.info