Ղազախստանի հետ կնքած պայմանագրով՝ Թուրքիայի «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունն այդ երկրին վաճառելու է հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլ (SARP): Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնում է «Ասելսանի» կայքը:

Թուրքական «Ասելսան» ընկերության հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգ (SARP):
Համաձայն պայամանագրի՝ ընդհանուր առմամբ Թուրքիան Ղազախստանի կվաճառի 3,57 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական արտադրանք: Պայմանագրով նախատեսվում է, որ SARP համակարգերը Ղազախստան կուղարկվեն 2017-ի ընթացքում:
Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլը (SARP) կարող է տեղադրվել տարբեր ռազմական մեքենաների վրա: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել, հետևել և խոցել թիրախը:
Համակարգի վրա կարող է տեղադրվել 12,7 մմ կամ 7,6 մմ գնդացիր, կամ 40 մմ ավտոմատ նռնականետ:

Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական համակարգը (SARP)՝ տեղադրված թուրքական արտադրության «Էժդեր» (EJDER) զրահամեքենայի վրա:
Նշենք, որ Ղազախստանի և Թուրքիայի ռազմարդյունաբերական համագործակցության օրինակ է թուրքական «Ասելսան» և ղազախստանյան Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), որը հիմնադրվել է 2013-ի դեկտեմբերին:
Հավելենք նաև, որ միջկառավարական համաձայնագրերով ղազախստանցի զինվորականները Թուրքիայում մարզումներ են անցնում «Կոմանդոս», «Հատուկ նշանակության ստորաբաժանումներ», «Դիպուկահարների վերապատրաստում», «Ներքին անվտանգություն», ինչպես նաև աերոմոբիլային զորքերի ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում:
Նշենք նաև, որ «Ասելսան» ընկերությունը, հիմնականում զբաղվում է օպտիկա-էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, ռումբերի կառավարման համակարգերի, ինչպես նաև այլ սարքավորումների արտադրությամբ ու վաճառքով։