Ղազախստանյան մի շարք առաջատար ընկերություններ, այդ թվում՝ նաև «Ղազախստան ինժեներինգ» պետական հոլդինգը, քննարկում են իրենց երկրի տարածքում թուրքական մի շարք զրահամեքենաների արտադրություն սկսելու հարցը։ Այս մասին հայտնում է ամերիկյան «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Մասնավորապես ղազախստանյան KazKioti տրակտորաշինական ընկերության ղեկավար Բախտիյար Մամատովը հայտարարել է, որ իրենք բանակցություններ են տանում «Ղազախստան ինժեներինգ» պետական ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ թուրքական BMC ընկերության զրահամեքենաների արտադրությունը Ղազախստանի տարածքում կազմակերպելու համար։ Ժամանակի ընթացքում նախատեսվում է թուրքական զրահամեքենաների որոշ մասեր փոխարինել ղազախականներով։
Ըստ Մամատովի՝ ընկերությունը նախատեսում է արտադրել թուրքական BMC ընկերության EFE 235-16 4×4 անվային ընթացամասով բեռնատարներ, 380-26P բեռնատարներ՝ 6×6 անվային ընթացամասով, 4×4 անվային ընթացամասով բարձրացված հակաականային պաշտպանվածությամբ 350-16Զ «Քիրփի» զրահամեքենաներ և 4×4 անվային ընթացամասով 250-10Զ «Վուրան» բազմանպատակային զրահամեքենաներ։
Ծրագրի սկզբնական ներդրումները կազմելու են շուրջ 30 մլն ամերիկյան դոլար։ Առաջին փուլում ընկերությունն իրականացնելու է տեխնիկայի հավաքման աշխատանքներ, իսկ հետագայում նախատեսում է ավելացնել ազգային արտադրության սարքավորումների բաժինը ՝ թուրքական զրահամեքենաների արտադրությունում։
Ծրագիրն իրականացվում է Թուրքիայի՝ Ղազախստանի տնտեսության տարբեր բնագավառներում առավել մեծ ներգրավվածություն ունենալու մտադրություններին համապատասխան։
Նշենք, որ Ղազաղստանը և Թուրքիան մշտապես ձգտել են խորացնել ռազմական համագործակցությունը։ Մասնավորապես՝ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության վառ օրինակ է Թուրքական «Ասելսան» և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), որը հիմնադրվել է 2013-ի դեկտեմբերին:
Հավելենք նաև, որ միջկառավարական համաձայնագրերի համաձայն՝ ղազախստանցի զինվորականներն այսօր Թուրքիայում մարզումներ են անցնում «Կոմանդոս», «Հատուկ նշանակության ստորաբաժանումներ», «Դիպուկահարների վերապատրաստում», «Ներքին անվտանգություն», ինչպես նաև աերոմոբիլային զորքերի ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում: