[հավելում] ԱՄՆ-ն առաջին օդային հարվածներն է հասցրել Սիրիայում իսլամիստների հենակետերին

ԱՄՆ-ն ու իր դաշնակից երկրները սեպտեմբերի 23-ին առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայում տարածքում տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։

Tomahawk հրթիռ

Tomahawk հրթիռ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում տալով Պենտագոնի իր աղբյուրներին, արդեն նոր «շատ ավելի բարդ ճակատ է բացվել իսլամիստների դեմ պայքարում»։ Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել է. «Ես հաստատում եմ, որ ամերիկացի զինվորականները և դաշնակից երկրների ուժերն արդեն ռազմական գործողություն են իրականացնում Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։ Այդ գործողություններում ներգրավված են կործանիչներ, ռմբակոծիչներ, Tomahawk (հայ.՝ Տոմահավկ) հրթիռներ։ Հաշվի առնելով, որ գործողությունը դեռևս ընթացքի մեջ է, մենք չենք կարող հավելյալ տեղեկություններ տրամադրել»։

Նկատենք, որ Tomahawk-ն ամերիկյան արտադրության, մեծ հեռահարություն ունեցող, ռազմավարական ու մարտավարական նշանակության, բազմանպատակային թևավոր հրթիռներ են։ Դրանք կիրառվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավերն ու ռազմանավերը։ Ունակ է խոցել թիրախներ մինչև 2500 կմ հեռավորության վրա։ ԱՄՆ-ն այս հրթիռները սկսել է շահագործել 1983-ից, և շահագործումից ի վեր լայնորեն օգտագործել է դրանք հակամարտություններում։ Մեկ հրթիռի արժեքն է 1.15 մլն ԱՄՆ դոլար։

Ուշագրավ է, որ 2014-ի հունիսին ԱՄՆ մի շարք սենատորներ հանդես էին եկել Սիրիային թևավոր հրթիռներով հարվածներ հասցնելու կոչերով։

Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից մետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Նշենք նաև, որ դեռևս սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ էր ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի մտցնի Իրաք «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարելու, սակայն հավանական էր համարել Սիրիայում և Իրաքում նույն իսլամիստների հենակետերին օդային հարվածներ հասցնելը։ Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ն գլխավորելու է Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի համար կազմավորված կոալիցիան, սակայն հրաժարվում է այն մտքից, որ ԱՄՆ զինծառայողները մարտնչեն այլ պետության տարածքում։ «Մենք պայքարելու ենք մեր օդուժի օգնությամբ և աջակցելու ենք մեր գործընկերներին ցամաքային գործողություններում»,-նկատել է ԱՄՆ նախագահը։ Օբաման նաև ընդգծել էր, որ իրենց գործողությունները տարբերվելու են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ իրականացրած քայլերից՝ ավելի շատ հիշեցնելով «ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները Եմենում և Սոմալիում»։

Հարկ է շեշտել նաև, որ իր՝ մոտ 15 րոպե տևած ելույթում Օբաման կրկին անդրադարձել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հերթական անգամ մեղադրանքներ հնչեցրել «սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար» (քիմիական զենքի կիրառումն Ասադի համախոհ ուժերի կողմից մինչ օրս փաստարկված չէ)՝ միաժամանակ անարդյունավետ որակելով Ասադի պայքարը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ։

[հավելում] Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենց ԱՄՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ում իրենց ներկայացուցչին Ռաքքա նահանգում «Իսլամական պետության» դիրքերին հասցվելիք օդային հարվածների մասին։

One response to “[հավելում] ԱՄՆ-ն առաջին օդային հարվածներն է հասցրել Սիրիայում իսլամիստների հենակետերին

  1. Pingback: Ֆրանսիան հրաժարվել է Սիրիայում իսլամիստներին ավիահարվածներ հասցնել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *