Ֆրանսիան հրաժարվել է Սիրիայում իսլամիստներին ավիահարվածներ հասցնել

Ֆրանսիան, ինչպես և նախկինում, մտադիր չէ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքները Սիրիայում ու Իրաքում. Ֆրանսիան ԻՊ խմբավորման դիրքերին հարվածում է Իրաքի Մոսուլի հատվածում, իսկ ԱՄՆ-ն ու արաբական պետությունները՝ Սիրիայի Ռաքքայի հատվածում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքները Սիրիայում ու Իրաքում. Ֆրանսիան ԻՊ խմբավորման դիրքերին հարվածում է Իրաքի Մոսուլի հատվածում, իսկ ԱՄՆ-ն ու արաբական պետությունները՝ Սիրիայի Ռաքքայի հատվածում

Նախարարը ֆրանսիական կողմի դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ դրա փոխարեն իրենք նախկինի պես օժանդակելու են Սիրիայում գործող չափավոր ընդդիմադիր խմբավորումներին, ինչը, ըստ նախարարի, թույլ կտա արդյունավետորեն պայքարել միաժամանակ և´ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, և´ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Միևնույն ժամանակ Ֆրանսիան շարունակելու է սեպտեմբերի 19-ին սկսած ավիահարվածները նույն «Իսլամական պետության» Իրաքում տեղակայված դիրքերի ուղղությամբ:

Անհրաժեշտ է նշել, որ նախարարի հայտարարությունը համընկել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ավիահարվածների մեկնարկի հետ: Բանն այն է, որ ԱՄՆ-ն ու մի քանի արաբական երկրներն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայում տարածքում տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Ընդ որում՝ այս դեպքում ԱՄՆ-ի դաշնակիցները ոչ թե նատօյական երկրներն են, այլ Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, թեև այս երկրների մասնակցության ձևաչափը դեռևս պարզ չէ, քանի որ ներկայում հայտնի է, որ հարվածները հասցրել է հենց Միացյալ Նահանգների օդուժը:

Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել է. «Ես հաստատում եմ, որ ամերիկացի զինվորականները և դաշնակից երկրների ուժերն արդեն ռազմական գործողություն են իրականացնում Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։ Այդ գործողություններում ներգրավված են կործանիչներ, ռմբակոծիչներ, Tomahawk (հայ.՝ Տոմահավկ) հրթիռներ։ Հաշվի առնելով, որ գործողությունը դեռևս ընթացքի մեջ է, մենք չենք կարող հավելյալ տեղեկություններ տրամադրել»։

Ավելացնենք, որ Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչին տեղեկացրել է, որ սիրիական Ռաքքա նահանգում «Իսլամական պետության» դիրքերին օդային հարվածներ է հասցնելու:

Հավելենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության, ինչպես նաև նրա  դեմ պայքարող ընդդիմադիր որոշ խմբերի դեմ մի քանի ճակատով ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները վերջին տարիներին մեծ իրարանցում առաջացրին Մերձավոր Արևելքում, երբ 2014 թ. հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիսարևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի  նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների և շիա մահմեդականների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ պայքարող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեցին քարոզել, թե իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *