Իրաքում ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 40 զինծառայող է սպանվել

Իրաքի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման կազմակերպած մի շարք ահաբեկչությունների պատճառով սպանվել է երկրի զինված ուժերի առնվազն 40 զինծառայող, 68-ն էլ համարվում են անհետ կորածներ։

Ինչպես հաղորդում է The New York Daily News ամերիկյան պարբերականը, ահաբեկչություններն արձանագրվել են հիմնականում Ֆալուջա քաղաքի մերձակայքում։ Իրաքի զինված ուժերի՝ Ալ-Անբար նահանգում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարը հայտնել է, որ զինծառայողների մի մասը զոհվել է Սիջի բնակելի վայրի գրոհի ժամանակ։ Նրա վկայությամբ՝ անհետ կորած զինծառայողներն էլ ամենայն հավանականությամբ պատանդ են իսլամիստների ձեռքում, և ներկայումս հավանաբար պահվում են Ֆալուջա քաղաքում։ Սեպտեմբերի 21-ից ի վեր վերոհիշյալ 68 զինծառայողներից և ոչ մեկից որևէ լուր չունեն։

Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում Բաշար Ասադի և այլ ծայրահեղական խմբերի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից մետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *