«Ռուսաստանը Միստրալի կարիք չունի». Ռոգոզին

Միստրալների գործարքը Ռուսաստանին պետք չէր, առանց այս ռազմանավերի էլ ՌԴ զինված ուժերը կարող են լուծել իրենց խնդիրները: Նման կարծիք է հնչեցրել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով զբաղվում է Ռուսաստանի ռազմարդյունաբերության խնդիրներով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռոգոզինը նշել է, որ ներկայում Ռուսաստանն իր միջոցներով կարող է նման մասշտաբի ռազմանավեր կառուցել, ու դրա մասին է խոսում այն, որ նախորդ տարի Ռուսաստանը ձևափոխեց ու Հնդկաստանին հանձնեց «Վիկրամադիտիա» ավիակիրը, իսկ ըստ Ռոգոզինի՝ ավիակիրներ կառուցելը նավաշինության գագաթն է, ուղղաթիռակիր նավերի կառուցումը դրա համեմատ բավական հեշտ է:

Ռուսաստանի համար նախատեսված ֆրանսիական արտադրության առաջին ուղղաթիռակիր նավը՝ «Վլադիվոստոկը»

Ռուսաստանի համար նախատեսված ֆրանսիական արտադրության առաջին ուղղաթիռակիր նավը՝ «Վլադիվոստոկը»

ՌԴ փոխվարչապետը կրկին հիշեցրել է, որ միստրալների գործարքից հրաժարվելու դեպքում Ֆրանսիան մեծ ֆինանսական վնասներ կկրի, քանի որ նման դեպքում Ռուսաստանը դատական կարգով ֆրանսիական կողմից կպահանջի ոչ միայն նավերի համար արդեն վճարած գումարը, այլև տուգանք: Բացի այդ էլ ռազմանավերի նավախելերը կառուցվել են Ռուսաստանում, այդպիսով Ֆրանսիան ռազմանավերն այլ երկրների վաճառելու հնարավորություն էլ չի ունենա, որովհետև գործարքի խզման դեպքում, Ռոգոզինի խոսքերով, ռուսաստանյան կողմն ուղղակի կպոկի նավերի նավախելերն ու կվերադարձնի Ռուսաստան:

Իսկ ռուս-ֆրանսիական երկկողմ հայտարարություններին չնայելով՝ ռուսաստանցի 250 նավաստիներ ավարտում են ՌԴ զինված ուժերի համար նախատեսված առաջին միստրալի՝ «Վլադիվոստոկի» ծովային ելքը: Ռազմանավով նավարկության 10 օրերի ընթացքում ֆրանսիացի շուրջ 200 մասնագետներ ռուսաստանցի նավաստիներին ցուցադրել են ռազմանավի հնարավորությունները: Օրեր անց էլ նույն նպատակով Միստրալը նավարկության դուրս կգա ռուսաստանցի նավաստիների երկրորդ անձնակազմով, որպեսզի ֆրանսիացիները նույն բանը ցույց տան նաև երկրորդ անձնակազմին, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը»:

Ենթադրվում է, որ Ռոգոզինի հայտարարությունները պատասխանն են ֆրանսիական կողմի՝ սեպտեմբերի սկզբի հայտարարությունների, ըստ որոնց հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակը՝ ֆրանսիական կողմը որոշել է, որ հիմա նպատակահարմար չէ ռուսաստանյան կողմին փոխանցել միստրալ տիպի ռազմանավերից առաջինը: Չնայած դրան, հետագայում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշեց, որ իրենց կողմը դեռ վերջնականապես չի հայտարարել Ռուսաստանին Միստրալներ տրամադրել-չտրամադրելու մասին որոշումը, հետևաբար երկու երկրների գործարքը դեռ ուժի մեջ է:

Այս տեղեկությանը ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները պատասխանել էին, որ իրենք պայմանագրի կասեցման մասին որևէ պաշտոնական նամակ չեն ստացել ֆրանսիական կողմից: Իսկ լրատվամիջոցների մակարդակով Ռուսաստանը նորից հայտարարեց, որ պայմանագիրը չկատարելու դեպքում Ֆրանսիան ստիպված կլինի վերադարձնել ռազմանավերի համար վճարված գումարն ու նաև տուգանք վճարել: Շահարկվում էր նաև Ֆրանսիայի միջազգային հեղինակության հարցը:

Տարբեր աստիճանի ռուսաստանցի պաշտոնյաներ ու փորձագետներ էլ առհասարակ կասկածի տակ դրեցին ռազմանավերը գնելու նպատակահարմարությունը: Մասնավորապես, նրանք նշում էին, որ ռուսաստանյան ռազմական դոկտրինի համաձայն՝ ՌԴ զինված ուժերը չեն պատրաստվում երբևէ նման մասշտաբի դեսանտի իջեցման գործողություններ կատարել ռուսաստանյան ափերից հեռու, ինչի համար հենց նախատեսված են այս ռազմանավերը: Բացի այդ էլ, անհրաժեշտության դեպքում ուղղաթիռակիր նավերից կարելի է 3-4 տարվա ընթացքում պատրաստել նաև Ռուսաստանում:

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնն» էլ միանգամից մի քանի պատճառ նշեց, թե ինչու Ռուսաստանին պետք չեն այս ռազմանավերը: Բացի վերը թվարկվածներից, կենտրոնի մասնագետները հավաստիացնում են, որ ռազմական դոկտրինի փոփոխության դեպքում 2 ռազմանավերն էլ չեն բավականացնի, անհրաժեշտ կլինի չորս նմանատիպ նավ, իսկ Ռուսաստանը ավելորդ գումար է ծախսում ռազմանավերի ենթակառուցվածքի ստեղծման համար: Որպես ծանրակշիռ փաստարկ էին նշվում նաև այն, որ ռուսաստանյան կողմը չունի երաշխիք, որ ֆրանսիացիները հատուկ խոտանավորած չեն լինի ռազմանավերը: Մեկ այլ հիմնավորում է այն, որ Ռուսաստանը ստիպված է լինելու ռազմանավերի շահագործման ամբողջ ընթացքում սպասարկման ու սարքավորումների տրամադրման համար կախված լինել Ֆրանսիայից, ինչը ոչ միայն ֆինանսապես է ոչ ձեռնտու, այլև փաստորեն Ռուսաստանը նորից հայտնվելու է ֆրանսիական «չեմուչումներ» կրելու վտանգի տակ:

Այդուհանդերձ, Ֆրանսիան դեռ վերջնական որոշում չի ընդունել, իսկ դրա ժամանակը արդեն մոտենում է, որովհետև առաջին ռազմանավը՝ «Վլադիվոստոկը», պիտի Ռուսաստանին հանձնի մինչև նոյեմբերի 1-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *