Հակոբի հայտնվելը 3-րդ երկրում փրկություն կլինի նրա համար. գերության 1 տարին

2013 թվականի օգոստոսի 8-ին 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատեց հայ-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվեց հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Հակոբ Ինջիղուլյանը մոր հետ

Հակոբ Ինջիղուլյանը մոր հետ

11 օր անց ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելեցին Հակոբին ու նրա հարազատներին ուղարկեցին առաջին նամակը, որտեղ Հակոբը նշում էր, որ ինքը լավ է։ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ Հակոբը կարող է հանգիստ հայրենիք վերադառնալ։ Նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել և չի էլ հարուցվելու։

Խախտելով Ժնևյան կոնվենցիայի կետերը՝ Ադրբեջանը հայ ռազմագերուն հագցրեց ադրբեջանական զինված ուժերի համազգեստ, վերցրեց անձնականի իրերից ակնոցը (Հակոբը տեսողության խնդիր ունի)։ Իսկ իր և հայ հասարակության համար ռազմագերուն «հարցազրույցներ» պարտադրեցին։ Այդ ընթացքում երրորդ երկիր տեղափոխվեց ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը։

18.09.13թ  Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղարը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշում էր, թե «ՀՀ ԶՈւ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիմել է երրորդ երկիր ուղարկելու հայցով»։

01.10.13թ  Ռազմինֆոյի լրագրողը զրուցել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, ով էլ նշել է, որ « Մեղավորներն արդեն պատժվել են։ Դիրքի ջրի մատակարարմամբ զբաղվող, ինչպես նաև Ինջիղուլյանի բացակայությունը ժամանակին չնկատած, իր հետևից չգնացած անձինք հանված են պաշտոնից»։

06.03.14թ  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ Հիմա ՄԱԿ-ը փորձում է գտնել այնպիսի երկիր, որը կհամաձայնի ընդունել Հակոբին։ Իսկ նման գործընթացները կարող են տևել նույնիսկ տարիներ։ Այս մասին հայտնել էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

12.03.14թ  2014 թվականին առաջին անգամ ԿԽՄԿ-ն այցելեց Հակոբին միայն հունվար ամսին, հաջորդ հանդիպումը կայացավ մարտի 12-ին, երբ այնտեղ էր նաև Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը։ Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը շրջանառվող լուրերը, որ Հակոբ Ինջիղուլյանին ԿԽՄԿ-ից պետք է այցելեն ամեն ամիս, իսկ այս անգամ այցելությունն ուշացել է Զառա Ամատունին պատասխանել էր. «Չկա սահմանված պարտադիր ժամկետ, կարող են այցելել թե´ ամեն ամիս, թե´ ամիսը երկու անգամ՝ կախված մի շարք հանգամանքներից»,-նշել էր նա։

06.08.14թ  Օգոստոսի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին լրագրողները հարցրին, թե արդյոք հնարավոր է Քարվաճառ մտած ադրբեջանցիներին փոխանակել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ։ «Այս պահին խոսակցություն չի գնում նրանց Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակելու համար, որովհետև Հակոբը մոլորվել և անցել է նրանց տարածք, իսկ սրանք դիվերսանտներ են, որոնք պետք է պատժվեն`ընդ որում շատ խիստ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

06.08.14թ  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան։ Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ Ինջիղուլյանը նամակ է փոխանցել տեսակցության ընթացքում, նամակն էլ իրենք առաջիկայում հանձնելու են վերջինիս ընտանիքի անդամներին։

1 տարի անց

1 տարի է անցել, ինչ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է։ Վերջին շրջանում կարծես թե նրա մասին չէր հիշատակվում, իսկ ահա հուլիսի վերջից առաջնագծում իրավիճակի սրումից հետո ադրբեջանական կողմը դարձյալ այցելեց Հակոբին և նրանից նամակ եկավ։

Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց, որ այցելությունը չի կապի վերջին իրադարձությունների հետ։

Ամատունին նշեց նաև, որ կազմակերպությունն իր մանդատի համաձայն շարունակելու է իր գործունեությունը։

Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ Հակոբից ստացած նամակներում որոշ հատվածներ ջնջվում են, Զառա Ամատունին հավելեց. «ԿԽՄԿ-ն իրավասու է նախապես կարդալ նամակն ու ջնջել այն հատվածները, որոնք պետք չեն ընտանիքի անդամներն իմանան»։
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ օր առաջ Հակոբի հայտնվելը երրորդ երկրում փրկություն կլինի նրա համար։ Իսկ այս պահին ավանդական գործընթաց է գնում, առանձնահատուկ բան չկա։

Մեր այն հարցին, թե այս մեկ տարվա ընթացքում արդյոք գործին ներգրավված կառույցները ճիշտ և արդյունավետ աշխատեցին, Լարիսա Ալավերդյանը մեկնաբանեց.

«Կարմիր խաչի նկատմամբ քննադատությունները պիտի այն համատեքստում տեսնենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում միջազգային կազմակերպություններին։ Մենք տեսնում ենք, որ նրանք արհամարհում են ցանկացած ՀԿ-ի կամ միջազգային կազմակերպության։ Հայտնի է, որ ԿԽՄԿ-ն արդյունավետ աշխատում է այն դեպքում, երբ իշխանությունները պատրաստ են համագործակցության և հումանիտար իրավունքի նորմի պահպանության և պաշտպանության։ Դրա համար ես Կարմիր Խաչի նկատմամբ չէ որ այսօր հանդես կգամ քննադատությամբ, այլ հենց Ադրբեջանի իշխանությունների լկտի վերաբերմունքի»,- եզրափակեց Ալավերդյանը։

4 responses to “Հակոբի հայտնվելը 3-րդ երկրում փրկություն կլինի նրա համար. գերության 1 տարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

  2. Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին, նրա ընտանիքի անդամներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *