Քարվաճառ մտած դիվերսիոն խմբի հիմնական նպատակը ոչ թե դիվերսիոն, այլ հենց հետախուզական գործողություններ իրականացնելն է եղել: Այն նյութերը, որ այսօր Արցախի իրավապահ մարմինների մոտ են, ցույց են տալիս, որ նրանք ուսումնասիրել են Քարվաճառի ամբողջ տարածքը, բոլոր ենթակառուցվածքները, բոլոր զորամասերը, շարասյուների տեղաշարժերը և դրանք համապատասխան նյութ պիտի հանդիսանային Ադրբեջանի ղեկավարության համար համապատասխան որոշումներ ընդունելու համար: Այդ դիվերսանտները հանցագործներ են, և նրանք պիտի դատապարտվեն:
Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն անդրադարձավ նաև այն բոլոր քննարկումներին, որ վերջին շրջանում տեղ են գտել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ լրատվամիջոցներում:
«Ինձ համար զարմանալի է, որ մեր հանրությունը սկսում է մեկնաբանել այն մասնագիտական տեղեկությունը, որ տալիս է պաշտպանության նախարարությունը, որ իսկապես Քարվաճառի հատվածում եղել են դիվերսանտներ և գործել են հատուկ նախապատրաստված պլաններով: Ի՞նչ եք կարծում՝ դիվերսանտն իրենց հանդերձանքով պիտի հայտնվի մեր տարածքում և քայլի: Անկասկած նա պիտի այն տեսքն ունենա, որ մեր տարածաշրջանում չկարողանանք նրան բացահայտել և տարբերակել»,- բացատրեց նախարարը:
Լրագրողներին հուզող հարցերից էր նաև, թե արդյոք դիվերսանտներին կարելի է փոխանակել արդեն մեկ տարի գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի հետ:
«Այս պահին խոսակցություն չի գնում նրանց Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակելու համար, որովհետև Հակոբը մոլորվել և անցել է նրանց տարածք, իսկ սրանք դիվերսանտներ են, որոնք պետք է պատժվեն`ընդ որում շատ խիստ»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառում քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը հաջորդած օրերին ձերբակալվեցին, իսկ մեկը սպանվեց։
Հուլիսի 14-ին պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խումբը վերջնականապես վնասազերծված է։
Ցավոք, ադրբեջանական խմբի գործունեության հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև կորուստներ։ Հուլիսի 11-ին գրանցված միջադեպի՝ փոխհրաձգության հետևանքով զոհվեց հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը:
Pingback: Քարվաճառ մտած ադրբեջանցիներն ուսումնասիրել են տարածքի բոլոր զորամասերը, տեղաշարժերը. Սեյրան Օհանյան Ռազմ.info | Armday
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info