Rheinmetall AG ընկերությունը 94 մլն դոլարի պայմանագիր է ստացել Գերմանիայի զինված ուժերից

Գերմանիայի զինված ուժերի պատվերով Rheinmetall AG ընկերությունը հաջորդ 4 տարիների ընթացքում՝ մինչև 2018 թվականը, կսպասարկի գերմանական բանակի խոշորագույն զորավարժարաններից մեկը, որը տեխնիկապես ամենահագեցվածներից մեկն է աշխարհում: Այս մասին տեղեկացնում է Army Recognition կայքը:

94 մլն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ ընկերությունն իրականացնելու է Գերմանիայի կենտրոնական մասում տեղակայված զորավարժարանի սպասարկումը, ընթացիկ նորոգումը, անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը և այլն:

Գերմանիայի ԶՈւ Leopard-2A4 տանկը վարժանքի ժամանակ

Գերմանիայի ԶՈւ Leopard-2A4 տանկը վարժանքի ժամանակ

Գերմանական զինված ուժերի զորավարժարանը նախատեսված է բոլոր զորատեսակների վարժանքների համար ու հագեցած է ժամանակակից տեխնիկայով:

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ գերմանական նույն Rheinmetall AG ընկերությունը կասեցրել է Ռուսաստանի համար նույնատիպ զորավարժարանի կառուցումը: Պատճառն այն է, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հետ է վերցրել ընկերության արտոնագիրը՝ թույլտվությունը, որով այն հնարավորություն էր ստացել կառուցել զորավարժարանը Ռուսաստանում:

Ենթադրաբար այս քայլը գերմանական կողմը կատարել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակում՝ թեև հայտարարվել էր, որ պատժամիջոցները չեն ազդի արդեն կնքված պայմանագրերի վրա:

Գերմանական կողմը հայտնել էր, որ արդեն 2014-ի մարտից սառեցրել է պայմանագրի կատարումն ու ներկայում էլ կասեցնում է դրա կատարումը: Սրան ի պատասխան՝ ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ զորավարժարանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ անհրաժեշտ սարքավորումները Ռուսաստանը կարող է Գերմանիայի փոխարեն գնել տեղական կամ չինական արտադրողներից:

Ռուսաստանյան կողմը հայտարարել էր նաև, որ պատրաստվում է փոխհատուցում պահանջել գերմանական ընկերությունից՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *