Կարմիր խաչը հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջայանին

Մարտի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և վերջերս Ադրբեջանի սահմանը հատած, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանի և դեռևս 2010-ին Ադրբեջան անցած հայ ընտանիքի հետ։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նրա խոսքերով՝ գերիներին նամակներ են հանձնվել իրենց ընտանիքների անդամներից, համապատասխանաբար նամակներ են ստացվել, որոնք պետք է շուտով փոխանցվեն գերիների ընտանիքներին։

Ամատունին պատասխանել է նաև Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը վերջերս շրջանառվող լուրերը, որ Հակոբ Ինջիղուլյանին ԿԽՄԿ-ից պետք է այցելեն ամեն ամիս, իսկ այս անգամ այցելությունն ուշացել է։ «Չկա սահմանված պարտադիր ժամկետ, կարող են այցելել թե´ ամեն ամիս, թե´ ամիսը երկու անգամ՝ կախված մի շարք հանգամանքներից»,-նշել է նա։

Ինչ վերաբերում է մարտի 7-ին Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանում ձերբակալված Արսեն Խոջայանի առողջական վիճակին, Ամատունին շեշտել է, որ իրենք հավաքագրում են բոլոր տեղեկությունները գերու մասին, սակայն դեռևս չեն հրապարակի հանրության համար, քանի որ նախընտրում են արդյունքի հասնելու նպատակով աշխատել այդ ուղղությամբ առավել կոնֆիդենցիալ։

Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991-ին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ ՀիմաՄԱԿ-ը փորձում է գտնել այնպիսի երկիր, որը կհամաձայնի ընդունել Հակոբին։

Արսեն Խոջայանի հետագա ճակատագրի վերաբերյալ այս պահի դրությամն որևէ բան պարզ չէ։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետի խոսքերով՝ նա ամուսնացած չէ, ընտանիքում յոթ երեխա են, գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։ Գյուղապետը կտրականապես հերքել է շրջանառվող լուրերը, թե իբր Արսեն Խոջայանը պայմանագրային զինծառայող է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *