Պակիստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին պատվիրել է իր C-130B/E Hercules ռազմական բեռնատար ինքնաթիռների արդիականացում ու հավելյալ համակարգերի տրամադրում։
Ինչպես հաղորդում է ռազմական Defense Talk պարբերականը, Պենտագոնի ռազմական համագործակցության վարչությունը (DSCA) արդեն իրազեկել է ԱՄՆ Կոնգրեսին հավանական գործարքի մասին, որի արժեքը թերևս կազմելու է 100 մլն ԱՄՆ դոլար։ Արդիականացման շնորհիվ ինքնաթիռների շահագործման ժամկետը կերկարի 10-15 տարով։
Արդիականացման են ենթակա 6 միավոր C-130B/E Hercules-ներ։ Նկատենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Պակիստանի օդուժը 2014-ի սկզբի դրությամբ ունի 16 միավոր C-130B/E։
Նշենք, որ Պակիստանի պատվերը ենթադրում է նաև ինքնաթիռների վրա ռադիոէլեկտրոնային սարքավորումների համակարգերի տեղադրումը և շարժիչների սպասարկումը։ Պայմանագրի կնքման դեպքում Պակիստանը կստանա նաև պահեստամասեր, սպասարկման գործիքներ, վերգետնյան սպասարկման սարքեր, տեխնիկական դոկումենտացիա։
C-130B/E Hercules-ն առաջին թռիչքը կատարել է 1954-ի օգոստոսին, սկսել են արտադրել 1959-ից, շահագործվում է հիմնականում ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Ճապոնիայում, Իսպանիայում և այլ երկրներում։ Անձնակազմը 2 օդաչու է, երկարությունը՝ 29.79 մ, թևի բացվածքը՝ 40.41 մ, բարձրությունը՝ 11.84 մ, առավելագույն արագությունը՝ 700 կմ/ժ։