Բանգլադեշն արտադրում է սեփական անօդաչուները՝ ծովային սահմանի հսկման համար

Բանգլադեշը սկսել է արտադրել սեփական հետախուզական անօդաչու թռչող սարքերը երկրի ռազմածովային ուժերի համար։ Դրանք հիմնականում կիրառվելու են ծովային սահմանների վերահսկման ու ձկնորսական նավերի տեղաշարժին հետևելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, այս մասին հաղորդել է Բանգլադեշի ՌԾՈւ շտաբի պետ, փոխծովակալ Ֆարիդ Հաբիբը։

Նրա խոսքերով՝ ԱԹՍ-ները կրելու են հատուկ ֆոտոխցիկներ, այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Միևնույն ժամանակ Բանգլադեշը հայտնել է նաև որպես թիրախ ծառայող անօդաչուների արտադրության մեկնարկի մասին։ Դրանց արժեքը, ըստ Հաբիբի, կազմելու է մոտ 1.2 հազար ԱՄՆ դոլար։ Ակնկալվում է, որ Բանգլադեշի զինուժը սեփական արտադրության անօդաչուներից մի քանիսը կստանա 2014-ի մարտի վերջին։

Նկատենք, որ դեռևս 2012-ի մարտին ՄԱԿ-ի ծովային իրավունքի գծով միջազգային տրիբունալը վերջ էր դրել Բանգլադեշի ու հարևան Մյանմարի (Բիրմայի)՝ Բենգալյան ծոցի հետ կապված սահմանային վեճին, որը թեժ բնույթ էր կրում 2008-ից սկսած։ Որոշումն հօգուտ Բանգլադեշի էր։

Այնուհանդերձ, համանման որոշումից հետո Բանգլադեշը սկսեց առավել ուշադրություն դարձնել ծովային տարածքների ու սահմանների վերահսկողության խնդրին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *