Բելառուսն առաջարկում է ՌԴ-ին 15 ռազմական ինքնաթիռ ուղարկել սահմանին պարեկության համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ վկայելով, որ պաշտոնական Մինսկը սթափ մոտեցում է ցույց տալիս Բելառուսի սահմաններին ՆԱՏՕ-ի առկայության ամրապնդմանը, սակայն միևնույն ժամանակ առաջարկել է ՌԴ-ին Բելառուսի տարածքում տեղակայել ևս 15 ռազմական ինքնաթիռ։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստին շեշտել է. «Եթե Իտալիան Մերձբալթյան երկրներ է ուղարկում ավելի քան մեկ տասնյակ ինքնաթիռ, կարծում եմ՝ պետք է կապվել ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ, առաջարկել նրան ռազմական ներկայության ուժեղացում, ինչն էլ ՌԴ-ն պարտավոր է անել համագործակցության պայմաններից ելնելով։ Օրինակ՝ թող ուղարկեն 12-15 ինքնաթիռ, որոնք պարեկություն կանեն Բելառուսի սահմանին»։

Լուկաշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի ներքին հակամարտությունն արդեն իսկ բախվում է Բելառուսի շահերին, ուստի իրենք չեն կարող չարձագանքել։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը մարտի 12-ին հայտարարել էր՝ արդեն սկսվել են հեռավոր ռադիոտեղորոշիչ սարքեր կրող հետախուզական ինքնաթիռների թռիչքներն Ուկրաինայի հետ սահմանին։

Ինքնաթիռները թռիչքներ են կատարելու Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքներում, որոնք ՆԱՏՕ անդամ երկրներ են։ ՆԱՏՕ-ի հավաստիացմամբ՝ ինքնաթիռներն Ուկրաինայի օդային տարածք չեն ներխուժի։

Նկատենք նաև, որ նույն օրը Լեհաստան էին ժամանել ՆԱՏՕ-ի F-16 կործանիչները, որոնց գործառույթը ևս Ուկրաինայի օդային տարածքին մոտ պարեկություն անելն է։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի՝ Մերձբալթյան երկրներում օդուժի ուժեղացման հետ մեկտեղ Սև ծովում մեկնարկել էին ԱՄՆ-ի, Ռումինիայի ու Բուլղարիայի համատեղ ծրագրային վարժանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *